Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ շնորհավորեց Արցախում տեղի ունեցած ընտրությունների առիթով:
«Ես ուզում եմ Արցախի ժողովրդին շնորհավորել, մեզ բոլորիս շնորհավորել տեղի ունեցած ընտրությունների առիթով: Եվ ես կարծում եմ, որ տեղի են ունեցել բարձր որակի ընտրություններ, և դրա մասին վկայում են ընտրությունների պաշտոնական արդյունքները: Արձանագրենք, որ նախագահական ընտրությունների հանգուցալուծումն առաջին փուլով տալու համար թեկնածուներից մեկին՝ «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանին, նախնական արդյունքներով չի հերիքել ընդամենը մի քանի հարյուր ձայն, և ես կարծում եմ՝ այս փաստն ինքնին բավական խոսուն է: Բավական խոսուն է նաև նախագահի թեկնածուների և խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերի աննախադեպ մեծ թիվը, և բավական խոսուն է այն փաստը, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրել են ոչ թե իշխանական, այլ ընդդիմադիր ուժեր: Եվ ես կարծում եմ, որ Արցախում ժողովրդավարության հետագա զարգացումը կարևոր է նաև հարցի արդարացի կարգավորման և մեր տարածաշրջանում անվտանգության ու կայունության ապահովման տեսակետից», - նշել է վարչապետը: