2016 թվականի ապրիլյան պատերազմի վերաբերյալ կան ամենատարբեր գնահատականներ, ամենատարբեր կարծիքներ, բայց տեղի ունեցածը տվեց հարցերից թերևս ամենակարևորի պատասխանը: Այս մասին այսօր՝ 2016 թվականի Ապրիլյան չորսօրյա պատերազմի 4-րդ տարելիցին, կառավարության նիստի ընթացքում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ առաջարկելով մեկ րոպե լռությամբ հարգել մեր բոլոր զոհերի հիշատակը:
«2016 թվականի ապրիլյան պատերազմի վերաբերյալ կան ամենատարբեր գնահատականներ, ամենատարբեր կարծիքներ, բայց կարծում եմ, որ պատերազմը, տեղի ունեցածը տվեց հարցերից թերևս ամենակարևորի պատասխանը: Իսկ հարցը հետևյալն էր, թե անկախության սերունդը որքանով է ի վիճակի պաշտպանել սեփական հայրենիքի անվտանգությունը և ինքնիշխանությունը: Եվ, կարծում եմ, այդ պատասխանը պերճախոս կերպով տրվեց, որովհետև մեր անկախության սերնդի զինվորները՝ իհարկե, ոչ միայն նրանք, բայց մեր անկախության սերնդի զինվորները, երիտասարդները դարձան անօրինակ սխրանքների հեղինակներ՝ սրանով, ի վերջո, իսկապես պատասխանելով հարցերից թերևս ամենակարևորին: Եվ Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը, հայ ժողովուրդը ընդհանրապես պետք է վստահ լինի, որ, այո՛, Արցախյան ազատամարտի առաջին սերնդի մեր ներկայացուցիչներին՝ հայրենիքի պաշտպաններին, եկել է համալրելու նոր սերունդը, որը նույնպես, գուցե ոչ նույնկերպ, բայց նույնքան վճռական պատրաստ է կանգնել սեփական հայրենիքի պաշտպանության դիրքերում, և սա կարծում եմ՝ այլևս կասկածի տակ չէ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: