Այսօրվա տվյալներով՝ ծայրահեղ ծանր 5 պացիենտ կա, որոնք արհեստական շնչառության սարքավորման են միացված, նրանցից մեկը երիտասարդ է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, ասուլիսի ժամանակ հայտնել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ծանր վիճակում գտնվողներն ուղեկցվող քրոնիկ հիվանդություններ ունեն, հայտնում է NEWS.am-ը։
«4-ը բավական տարեց՝ ավագ սերնդի մեր քաղաքացիներն են, որոնք ունեն քրոնիկ հիվանդություններ, միայն մեկն է երիտասարդ, սակայն նրա հիվանդությունների շրջանակը պարզման ընթացքում է, քանի որ շատ ատիպիկ թոքաբորբ է տանում»,- ասաց նախարարը։
Հարցին՝ արհեստական շնչառական քանի՞ սարք ունի Հայաստանը և քանի՞սն է օգտագործվում, Արսեն Թորոսյանը պատասխանեց.
«Մենք այս պահին ունենք մոբիլիզացված միայն այս խնդրի լուծման համար մոտ 55 առանձին սարք, այսինքն՝ ուրիշ ոչ մի բանի համար չօգտագործվող. դրանցից 5-ն է զբաղված։ Սարքերի քանակը կմեծանա՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բկ-ի ներգրավմամբ, որտեղ մենք ունենք ևս 20 սարք։ Հատուկ չվերթով Չինաստանից եկող սարքերի թիվ ունենք մոտ 100՝ մի տեսակի, ևս 5 թե 6 սարք նույն ինքնաթիռով՝ մեկ այլ մոդելի։ Եվս 50 սարք արդեն պատվիրել ենք, որոնց կեսը կլինի ապրիլի կեսին, մյուս կեսն էլ մայիսի կեսին»։