Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի պատգամավոր Հյու ՄաքԴերմոթը Արցախի ժողովրդին նախագահական ընտրությունների հետ կապված շնորհավորելուց հետո հայտնվել է Ադրբեջանի, այսպես կոչված, «սև ցուցակում», փոխանցում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը:
«Շնորհավորում եմ Արցախի Հայկական Հանրապետության բնակիչներին, որոնք այս շաբաթ անցկացրին իրենց նախագահական ընտրությունները: Ընտրություններում քվեարկել և իր ժողովրդավարական իրավունքներն է օգտագործել ընտրողների 72 տոկոսից ավելին: Թեկնածուներին հաջողություն եմ մաղթում ապրիլի 14-ին երկրորդ քվեարկության ժամանակ»,- իր թվիթերյան էջում գրել է ՄաքԴերմոթը:
«Ավտորիտար ռեժիմների և բռնապետությունների տարածաշրջանում հրաշալի է տեսնել բարգավաճող ժողովրդավարություն: Շնորհավորում ենք Արցախի ազատ մարդկանց»,- գրել է նա:
Ավելի ուշ նա հավելել է, որ «ազատ և ժողովրդավար Արցախին աջակցելու պատճառով հայտնվել է ադրբեջանական ավտորիտար ռեժիմի սև ցուցակում»: «Ես միանում եմ հարյուրավոր պատգամավորներին, որոնք սիրում են ժողովրդավարությունը, լրագրողներին, գիտնականներին և իրավապաշտպաններին: Ինչպիսի պատիվ»,- նշել է նա՝ բերելով Ադրբեջանի ամբողջական «սև ցուցակի» հղումը: