Արցախում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ Ադրբեջանի արձագանքը ժողովրդավարական արժեքների մերժման հերթական դրսևորումը դարձավ: Ադրբեջանը ևս մեկ անգամ հաստատեց իր ագրեսիվ վերաբերմունքն Արցախի քաղաքացիների հիմնարար իրավունքների նկատմամբ:
Չհաշտվելով այն մտքի հետ, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, մասնավորապես Ադրբեջանի ԱԳՆ-ն իր տարածած հայտարարությամբ հղվում է միջազգային իրավունքի որոշ կետերի, որոնք մեկնաբանում է այնպես, ինչպես շահեկան է իր երկրի համար:
Սակայն հարկ է նշել, որ անկախ միջազգային կարգավիճակից ցանկացած ժողովուրդ ինքնորոշման իրավունքի ուժով կարող է ազատորեն որոշել իր քաղաքական կարգավիճակը: Իսկ Արցախի ժողովուրդը ինքնորոշման իրավունքի վրա անկախություն է հռչակել դեռևս 1991թ.-ին, այն էլ ԽՍՀՄ բոլոր գործող օրենքների համապատասխան, ինչը չի կարելի ասել Ադրբեջանի մասին:
Համապետական այս ընտրություններով Արցախը ժողովրդավարության տեսանկյունից իրավմամբ բավականին մեծ առաջընթաց գրանցեց, ինչին անկախությունից ի վեր չի կարողանում հասնել Ադրբեջանը, որտեղ իշխանությունը փաստացի ժառանգաբար է փոխանցվում:
Հետաքրքրականը նաև այն է, որ Ադրբեջանը խոսում է միջազգային նորմերի խախտման, ինչպես նաև ժողովրդավարության մասին այն դեպքում, երբ միջազգային կազմակերպությունները պարբերաբար հայտարարում են, որ այն, ինչ կատարվում է Ադրբեջանում ժողովրդավարական չափանիշների ոտնահարում է:
Հարկ է արձանագրել, որ Ադրբեջանը բոլոր առումներով բավականին հեռու է այն ժողովրդավարական չափանիշներից, որոնք առկա են Արցախում: Արցախի ժողովուրդն արդեն որերորդ անգամ ապացուցում է միջազգային հանրությանը, որ ունի բոլոր հնարավորությունները ժողովրդավարական հասարակությունում ապրելու: Այնինչ Ադրբեջանում տեղի ունեցող ցանկացած ընտրություն ուղեկցվում է հայտնի ընտրակեղծիքներով: Փաստացի կարող ենք արձանագրել, որ արցախցիներն այս ընտրություններով ևս մեկ անգամ ապացուցեցին, որ արժեքների բացարձակապես տարբեր համակարգերում ապրող ժողովուրդները երբևէ չեն կարող ապրել միևնույն տարածքում:
Հետևաբար՝ Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ տարածքային նկրտումներ առաջ քաշելը և Արցախում տեղի ունեցած ընտրությունները ոչ լեգիտիմ համարելը միանգամայն անիմաստ է դառնում: