Քննարկման ներկայացված համաձայնագիրը վավերացնելու դեպքում Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանին 13 միլիոն 400 հազար եվրո վարկ կտրամադրի:
Այս մասին ապրիլի 7-ին ՀՀ Ազգային ժողովում ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման» վարկային համաձայնագրի վավերացման վերաբերյալ քննարկմանն ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, փոխանցում է News.am-ը:
Նախարարի խոսքով` այս միջոցներով նախատեսվում է 65 կմ ճանապարհ վերանորոգել: Նախարարը հավելեց, որ այս պայմանագրի վավերացումից հետո մրցույթ կհայտարարվի` ճանապարհաշինարարական ընկերություն ընտրելու նպատակով, որը և պետք է իրականացնի այդ աշխատանքները:
Պապիկյանը նաև նշեց, որ աշխատանքները կավարտվեն կամ այս տարի, կամ հաջորդ տարվա սկզբին: «Այս ծրագրի շրջանակներում վարկի առաջին տրանշը 170 միլիոն եվրո է կազմել: Այս ծրագրի շրջանակներում 211 կմ ճանապարհ է վերանորոգվել: Այս աշխատանքները, ինչպես և նախատեսվում էր ծրագրով, իրականացվել են հանրապետության տարբեր համայնքներում, ինչը դրանց համար կենսական նշանակություն ուներ»,- ասաց նախարարը` հավելելով, որ 211 կմ-ից 40-ը վերանորոգվել է աշխատանքների ընթացքում խնայված միջոցների հաշվին:
Որոշ քննարկումներից հետո հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց այս վարկային համաձայնագրին: