Ռուսաստանի գլխավոր դատախազությունը որոշել է բավարարել հայաստանցի գործընկերների հարցումը ավազակությանը մասնակցելու համար փնտրվող ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի արտահանձման վերաբերյալ։ Այս մասին, ինչպես փոխանցում է Sputnik-Արմենիան, РИА Новости-ին հայտնել են գերատեսչությունում։
Նրան մինչև 15 տարի ազատազրկում է սպառնում։
Մարտին ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ ռուսական կողմը որոշել է Երևանին փոխանցել Սարգսյանին։
«ՀՀ գլխավոր դատախազության հարցումը նրան փոխանցելու մասին ներկայացվել է ՌԴ դատախազություն միջազգային պայմանագրերով սահմանված ժամկետներում՝ անհրաժեշտ փաստաթղթերով հանդերձ։ 2020 թվականի մարտի 19-ին ՌԴ դատախազությունը որոշում է կայացրել բավարարել ՀՀ գլխավոր դատախազության հայցը Սարգսյան Լ․Հ․-ին հանձնելու մասին՝ նրան մեղասգրվող հանցագործությունների համար քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով», - նշված է գերատեսչության պատասխանում։
Սարգսյանը եղել է ԱԺ մի քանի գումարման պատգամավոր, Հանրապետական կուսակցության անդամ։