Նշված աշխատանքներն իրականացնելու նպատակով ռուսական կողմը ՀՀ զինված ուժերին է տրամադրել COVID-19 վարակի հետազոտություններ կատարելու հնարավորություն ունեցող շարժական լաբորատորիա, ինչպես նաև նմուշառման համակարգ, որոնք հնարավորություն կընձեռեն իրականացնել ՀՀ զինված ուժերի և ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի անձնակազմի հետազոտությունները: Հետազոտություններն առավելապես կիրականացվեն թիրախային խմբերում, լուրջ աջակցություն կլինեն կանխարգելիչ լայնածավալ միջոցառումների կազմակերպմանը և զգալիորեն կբարձրացնեն հակահամաճարակային միջոցառումների արդյունավետությունը: Ինչպես ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը, շարժական լաբորատորիան թույլ է տալիս իրականացնել օրական 100 ՊՇՌ (Պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդ, PCR) անալիզ: COVID-19 վարակի հետազոտություններ կատարելու հնարավորությամբ շարժական լաբորատորիայով և ախտահանման համակարգով համալիրը հնարավորություն ունի ծավալվել և 45 օր առանց արտաքին շրջապատի հետ շփման կատարել առաջադրված խնդիրը: