Նավթի շուկայում առաջիկա մի քանի օրերին նոր զարգացումներ են սպասվում: Իրադարձություններ, որոնք, ամենայն հավանականությամբ, կմեկնարկեն նավթի շուկայի կարգավորումը:
09.04.2020 ՕՊԵԿ+ երկրների հեռավար հանդիպման այս պահին դրությամբ սահմանված ժամկետն է: Ինչու այս պահի դրությամբ, քանի որ մեկ անգամ արդեն` 06.04-ին նախատեսված հանդիպումը հետաձգվել է:
10.04.2020 G20-ի երկրների էներգետիկայի նախարարների արտակարգ հանդիպում:
11.04.2020 ԱՄՆ սենատորները սաուդյան իշխանությունների ներկայացուցիչների հետ կքննարկեն նավթի համաշխարհային շուկայի կայունացումը:
Կողմերի շահագրգռությունը` շուտափույթ կարգավորելու շուկան, ակնհայտ է: Որպես հիմնական դերակատարներ, առանձնացնենք.
ՌԴ: Սեփական պահուստների հաշվին ունենալով մեծ վստահություն` ՌԴ-ն իրականացրեց մի քաղաքականություն, որից կտուժեր նաև սեփական տնտեսությունը` իր գործողությունների արդյունքում նվազեցնելով նավթի համաշխարհային գները: Փոխարենը ՌԴ-ն շահեց ԱՄՆ կողմից բավական մեծ թափ հավաքած ամերիկյան թերթաքարային նավթաարդյունաբերությանը մեծ հարված հասցնելով, ինչպես նաև` Սաուդյան Արաբիայի կողմից նավթի արդյունահանման, գուցե նաև միակողմանի, կամ ՌԴ-ին ոչ համաչափ սահմանափակումների հավանականությամբ: Վերջին մասով ազդակները գալիս են սաուդյան իշխանությունների հետ սպասվող բանակցություններին ԱՄՆ կանխատրամադրվածությունից. բանակցություններին կմասնակցեն հանրապետական սենատորներ Քևին Կրամերն ու Դեն Սալիվանին, ովքեր ավելի վաղ առաջարկում էին դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Սաուդյան Արաբիային, եթե Էր Ռիադը հրաժարվի կրճատել նավթի արդյունահանումը:
ԱՄՆ: Միացյալ Նահանգները, ում կողմից 2000-ականներից թափ առած թերթաքարային նավթային արդյունաբերությունը գրանցում էր հաջողություններ, նավթի էժանացման արդյունքում խիստ վտանգ է զգում իր կողմից հռչակած «թերթաքարային նավթի հեղափոխության» նկատմամբ: Ուստի, պատրաստ է ամեն գնով պայքարել իր համար անհասանելի մրցակցի` խիստ էժան նավթի դեմ: ՌԴ-ի նկատմամբ լծակներ չկան, փոխարենը սաուդյան իշխանությունների նկատմամբ կա ճնշման հնարավորություն` ի դեմս ռազմական օգնության կրճատման, կամ դադարեցման:
Սաուդիան Արաբիա: Երկրի բյուջետային եկամուտների մոտ 75 % ու ՀՆԱ-ի 45 %-ն ապահովվում է նավթի արդյունաբերության կողմից: 22 դոլարի մակարդակի հասած գինը հարված է երկրի ողջ ֆինանսական կայունությանը:
Այս ամենից զատ, նավթի համաշխարհային գների կարգավորիչ հիմնական գործոնն է սկսել ակտիվանալ: Խոսքը համաշխարհային պահանջարկին է վերաբերում, որի շուրջ դրական ազդակները գալիս են Չինաստանի կողմից կորոնավիրուսի հաղթահարման և բնականոն կյանքին հետզհետե վերադարձի մասին լուրերից:
Արդյունքում, գրեթե անխուսափելի է, որ առաջիկա հանդիպումներին նավթի համաշխարհային շուկան կմտնի եթե ոչ ամբողջական, ապա գոնե մասնակի կարգավորումների դաշտ:
Եթե գնահատականը ճիշտ է, ինչի հավանականությունը վերոնշյալ վերլուծությունից ելնելով, մեծ է, ապա Ռուսաստանի հաշվարկները ճիշտ էին ու երկարաժամկետ: Ինչը ցավոք, ոչ մի կերպ հնարավոր չէ ասել մեր իշխանությունների համար, որոնք գազի սակագնի բանակցությունների բովանդակության մեջ լրիվ չհաշվարկված կերպով մտցրեցին իրավիճակային գործողությունների էլեմենտ` հույսը դնելով նավթի շուկայի դեռ երկար ժամանակ չվերականգնման վրա: