Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում արտակարգ դրություն հայտարարելու օրվանից մշտադիտարկում է իրականացվում ընտանիքում բռնությանն առնչվող հարցերով։ Այս մասին հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժինը։
«Մշտադիտարկումը պայմանավորված է նրանով, որ, որպես կանոն, արտակարգ դրության սահմանափակումները մեծացնում են ընտանիքում բռնության ռիսկը: Այս առումով առավել խոցելի են կանայք, երեխաները և տարեցները:
Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ՝ հատկապես արտակարգ դրության պայմաններում բռնության ենթարկված անձի համար պետք է հասանելի լինեն իրավունքների պաշտպանության անհրաժեշտ հնարավորություններն ու աջակցության ծառայությունները (առողջապահական, սոցիալական, հոգեբանական և այլն)։
Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ստանալու համար զանգահարեք 116 կամ 096116-100 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով»,- ասված է ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնի տարածած հաղորդագրության մեջ։