ՀՀ կառավարությունն առաջարկում է այս կամ այն բաժնետոմսերի սեփականատերերի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի դարձնել իրավապահ մարմինների և տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի համար: Այս մասին ապրիլի 9-ին ՀՀ ԱԺ-ում պետաիրավական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստին «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, փոխանցում է news.am գործակալությունը:
Նախարարի խոսքով` Հայաստանում սահմանափակ պատասխանատվությամբ տարբեր կազմակերպությունների բաժնետոմսերի սեփականատերերի վերաբերյալ տեղեկատվությունը բաց և հասանելի է հանրության համար: Ըստ Բադասյանի` հասարակությունը, այդ թվում նաև էլեկտրոնային հայցի օգնությամբ, կարող է ստանալ հետաքրքրող բոլոր տեղեկությունները: «Սակայն բաժնետիրական ընկերությունների բաժնետերերի վերաբերյալ տվյալները փակ են»,- պարզաբանեց նախարարը:
Այդ տեղեկատվությունը, ըստ նրա, Պետական եկամուտների կոմիտեին, իրավապահ մարմիններին և Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին անհրաժեշտ է միայն իրենց առջև դրված խնդիրները լիարժեք լուծելու համար:
Բավական երկար քննարկումներից հետո խորհրդարանական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց օրենսդրական այս փաթեթին: