Արցախի Հանրապետությունում ևս երկու անձի մոտ կորոնավիրուսի ախտորոշման թեստի պատասխանը եղել է դրական. դեպքերի թիվը հասել է 3-ի: Այս մասին մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը:
«Նրանցից մեկն ապրիլի 7-ին հաստատված վարակակրի հարսն է, ով ապրիլի 2-ից արդեն ինքնամեկուսացվել էր: Երկրորդը ՀՀ-ից Արցախ մուտք գործած ՀՀ քաղաքացի է, որի անհատական քարտի լրացման ժամանակ պարզվել է, որ եկել է ռիսկային բնակավայրից:
Այդ քաղաքացին ևս, մինչ թեստավորումը գտնվել է ինքնամեկուսացման մեջ, և առաջիկայում նրան տեղափոխելու են Հայաստանի Հանրապետություն: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հաստատված կորոնավիրուսի վարակով երկրորդ անձը, ունենալով Մոշաթաղ համայնքի գրանցում, մարտի 31-ին կայացած ընտրությունների օրը քվեարկել էր Միրիկի հարևան Մոշաթաղ համայնքում, այստեղ արդեն մի քանի օր է ուժեղացված ծառայություն են իրականացնում ԱՀ ԱՆ «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի Քաշաթաղի շրջանային բաժնի մասնագետները, իսկ գյուղի բնակիչները պատասխանատուների հորդորով ինքնամեկուսացվել էին իրենց առանձնատներում»,-հայտնում են նախարարությունից:
Նախարարությունը կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ է արել հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով: