Թուրքական մամուլը հայտնում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տարօրինակ զուգահեռներ է անցկացրել թյուրքերի դեմ պատերազմների և կորոնավիրուսի դեմ պայքարի միջև։
Ռուսաստանի նախագահը, մասնավորապես հիշատակելով 11-րդ դարի թյուրքական ցեղերի դեմ պատերազմները, նշել է. «Ամեն ինչ կանցնի, սա էլ է անցնելու։ Մեր երկիրը բազմաթիվ լուրջ փորձություններ է հաղթահարել։ Պեչենեգներն ու կումաններն (ղփչաղ) էլ են հարձակվել ժամանակին։ Ռուսաստանը բոլորին հաղթեց։ Կորոնավիրուս կոչվող չարիքն էլ ենք հաղթահարելու։ Միասնաբար ամեն ինչ էլ կարող ենք հաղթահարել»։
Ինչպես հայտնում է Ermenihaber-ը՝ Թուրքիայում Պուտինի այս խոսքերը բավականին լայն արձագանք են գտել սոցիալական ցանցերում։ Շատերը, անդրադառնալով Պուտինի խոսքերին՝ դրանք որակել են որպես ազգայնականության և ռասիզմի դրսևորում, մի մասն էլ պատմական անճշտություններ է փորձել հայտնաբերել Ռուսաստանի նախագահի խոսքի մեջ։