«Թող մեր բարեկամությունն ավելի բարձր լինի, քան Արարատ լեռը, և ավելի երկար, քան Յանցզի գետը». ապրիլի 8-ին Չինաստանից Հայաստան ուղարկված հումանիտար օգնության փաթեթների վրա չինական կողմի կատարած գրառումը մեծ աղմուկ է բարձրացրել Թուրքիայում, հաղորդում է Sputnik Արմենիան։
Թուրքական իշխանությունները պատասխան են պահանջել Չինաստանից։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել այն մասին, որ դիմել է Անկարայում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանին և Չինաստանի արտգործնախարարությանը՝ պահանջելով պարզաբանել գրությունը։
Ըստ Թուրքիայի արտգործնախարարության՝ դեսպանն ասել է, որ Հայաստան ուղարկված օգնությունը պատրաստվել է կառավարության կողմից և Երևան ուղարկվել մասնավոր ընկերության միջոցով։
Sputnik Արմենիայի հետ զրույցում Ռուս-հայկական համալսարանի Կոնֆուցիուսի կենտրոնի տնօրեն Նաիրա Անտոնյանը նշեց, որ չինարենում չկա առանձին հիերոգլիֆ, որը կնշանակի «Արարատ», այնպես որ գրության մեջ իմաստով մոտ բառակապակցություն է գործածվել։
«Բացառիորեն գրված է՝ գաո շան, այսինքն՝ բարձր լեռ»,- բառակապակցությունը չինարենից թարգմանաբար ներկայացրեց Անտոնյանը։
Sputnik Արմենիան մեկնաբանություն ստանալու համար կապ հաստատեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի հետ։ Վերջինս նշեց, որ ՀՀ արտաքին գերատեսչությունը հանդես կգա պաշտոնական մեկնաբանությամբ ավելի ուշ։