Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի ընդունել երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի ներկայացրած հրաժարականը պարետային ժամ մտցնելու հետ կապված անհաջողությունից հետո: Այս մասին հայտնում են Թուրքիայի նախագահի գրասենյակից:
Ավելի վաղ Սոյլուն Twitter-ի իր միկրոբլոգում հայտարարել էր հրաժարականի մասին և ներողություն էր խնդրել երկրի ղեկավարությունից և թուրք ժողովրդից:
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունն ապրիլի 10-ի ուշ երեկոյան հայտարարել էր, որ երկրի 31 նահանգի, այդ թվում՝ Անկարայի, Ստամբուլի և Անթալիայի բնակիչներին ապրիլի 11-ին և 12-ին արգելվում է փողոց դուրս գալ: Անսպասելի հայտարարությունից հետո մարդիկ շտապել էին խանութներ, որտեղ ահռելի հերթեր էին գոյացել: Երկրի ՆԳՆ-ի այս քայլը քննադատության է արժանացել ընդդիմության և հասարակության կողմից: