Արցախում տեղի ունեցած ընտրություններին միջազգային արձագանքում նորություն չտեսնելը Հայաստանի ու Արցախի համար հեռանկարային մոտեցում չէ:
Հայաստանի արտաքին գործերի նախարարը հետևողականորեն խուսափում է խոսել Արցախում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ տարբեր երկրներից տարբեր մակարդակներով, և ոչ առանց Ադրբեջանի միջամտության, հնչած բազմաթիվ հակահայկական արձագանքների մասին: Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում այս հարցն ընդհանրապես շրջանցվեց, իսկ երեկ կայքերից մեկին տված հարցազրույցում Մնացականյանն ասել է, որ որևէ նոր բան չի հնչել:
Գուցե այս «որևէ նոր բան չի հնչել» ձևակերպումը մեծ վերապահումներով կիրառելի է ԵՄ-ի կամ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունների նկատմամբ, բայց ոչ տարբեր երկրներից հնչած հայտարարությունների: Եվ նույնիսկ ԵՄ-ի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունների մեջ, չնայած ընդհանուր մոտեցման շարունակականությանը, որոշակի ձևակերպումային փոփոխություններ կան, որոնք նույնպես պետք է մտածելու առիթ տան, օրինակ՝ ԵՄ արձագանքի մեջ սուբստանտիվ բանակցությունների անհրաժեշտության հիշատակումը:
Պատկերը շատ ավելի բարդ է այլ կառույցներից և առանձին երկրներից հնչող հայտարարությունների պարագայում: Ադրբեջանը, չնայած կորոնավիրուսի համավարակին ու գլոբալ օրակարգերի փոփոխությանը, բավական շոշափելի ջանքեր է գործադրել հնարավորինս շատ հակահայկական հայտարարություններ կորզելու համար, իսկ ի՞նչ է արել Հայաստանը դրանք կանխելու համար: Նույնիսկ հիմա մեր իշխանությունը նախընտրում է չտեսնել, չնկատել այդ հայտարարությունները, դրանց գնահատական տալու և այդ երկրների հետ աշխատանք տանելու, նման մտադրություն հայտնելու փոխարեն: