Ավստրիան սկսել է մեղմացնել կորոնավիրուսի տարածումը կանխելու համար ավելի վաղ հաստատված սահմանափակումները: Այս մասին հայտնում է DW-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ փոքր խանութները, մասնագիտացված առևտրի կետերը, որտեղ վաճառվում են շինարարական և պարտեզի խնամքի պարագաներ, ապրիլի 14-ից վերսկսում են իրենց աշխատանքը: «Մենք ցանկանում ենք տնտեսական առումով հնարավորինս շուտ հաղթահարել ճգնաժամը»,-հայտարարել է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը:
Սահմանափակումների մեղմացմանը զուգահեռ գործում են մի շարք կանոններ: Մասնավորապես, խանութներում միաժամանակ պետք է գտնվեն սահմանափակ թվով մարդիկ, այցելուները պետք է կրեն պաշտպանիչ դիմակներ, պահպանեն սոցիալական հեռավորություն:
Մնացած բոլոր խանութները, առևտրի կենտրոնները, վարսավիրանոցները կբացվեն մայիսի 1-ից ոչ շուտ, իսկ ռեստորանները, հյուրանոցներն իրենց աշխատանքը կվերսկսեն մայիսի կեսից: Դպրոցները կմնան փակ և կշարունակեն հեռավար ուսուցումը մինչև մայիսի կեսերը: