ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարներն ապրիլի 15-ին քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարում փոխգործակցության հնարավորությունները: Քննարկումն իրականացվել է տեսակոնֆերանսի տեքսով:
Կոնֆերանսին մասնակցել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով գլխավոր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, ինչպես նաև Շվեդիայի ու Ֆինլանդիայի կառավարության ներկայացուցիչները: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նշել է, որ գլխավոր հարցը կորոնավիրուսի դեմ պայքարում կառույցի անդամ երկրների ռազմական հնարավորությունների կիրառումն է, ինչպես նաև ապատեղեկատվության դեմ պայքարը:
«ՆԱՏՕ-ի անդամ երկրների զինվորականները իրականացրել են ավելի քան 100 առաքելություն բժշկական անձնակազմի, սարքավորումների փոխադրման համար: Ապահովվել է ավելի քան 25 դաշտային հոսպիտալների հիմնում: Տեղադրվել են 25 հազար հիվանդանոցային մահճակալներ: Ավելի քան 4 հազար զինվորական ներգրավվել է քաղաքացիական ծառայություններին աջակցելու համար»,-ասել է նա: