Խորհրդարանը քննարկում է Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածության հարցը: «Արմենպրես»-ի հաղորդամբ՝ թեկնածությունն առաջարկել էր «Իմ քայլը» խմբակցությունը, այն հավանություն էր առաջացել ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի կողմից:
Խորհրդարանի լիագումար նիստում Գալստյանի թեկնածությունը ներկայացրեց խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը:
Թեկնածու Մարտին Գալստյանը ծնվել է 1978 թվականի մայիսի 4-ին, 1994-1999 թթ. ուսանել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում, այնուհետ բուհի ասպիրանտուրայում՝ 2003-ին ստանալով տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան, դրանից հետո Գալստյանը սովորել է Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու անվան հանրային կառավարման դպրոցում՝ ստանալով հանրային կառավարման մագիստրոսի կոչում: Թեկնածուն ԿԲ-ում աշխատանքային գործունեությունը սկսել է 1998-ին, որտեղ ղեկավարել է ֆինանսական գործառնությունների վարչության միջազգային պահուստների կառավարմամբ զբաղվող ստորաբաժանումը, իսկ հետագայում ղեկավարել է նաև վիճակագրական վարչությունը: 2015-ին նշանակվել է Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար, իսկ 2018-ից մինչ օրս հանդիսանում է ԿԲ խորհրդի անդամ: Հանդիսանում է Համաշխարհային բանկի միջազգային խորհրդատու, դասախոս: Դասավանդում է Հայաստանի Ամերիկյան համալսարանում: 2015-ին ճանաչվել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի լավագույն դասախոս: Ներգրավված է հասարակական գործունեության մեջ, մի շարք մասնագիտական հրապարակումների հեղինակ է: Ամուսնացած է, ունի 3 երեխա:
Մանուկյանը ներկայացրեց նաև հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ նշելով, որ հանձնաժողովն առաջնորդվել է մի շարք սկզբունքներով՝ մասնագիտական համապատասխանություն, ոլորտում փորձ: Պատգամավորը նշեց, որ հանձնաժողովի իր գործընկերների կողմից առաջ է քաշվել նաև այն թեզը, որ ԿԲ-ում աշխատելը կարող է դիտարկվել որպես վատ գործոն: «Բայց կարծում եմ, որ սա հենց այն պարագան է, որ մենք գործ ունենք կայացած ինստիտուտի հետ: Եվ այնտեղ աշխատանքային փորձը կարող է միայն որպես դրական ներկայացվել»,-ասաց նա: