Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը հայտարարել է, որ կառավարություն ձևավորելու մանդատը փոխանցում է Կնեսեթին: Իսրայելի անցումային կառավարության ղեկավար Բենյամին Նեթանյահուի գլխավորած «Լիկուդ» և խորհրդարանի խոսնակ Բենի Գանցի «Կահոլ Լավան» կուսակցությունը չեն կարողացել նախագահի կողմից տրված հավելյալ 48 ժամվա ընթացքում պայմանավորվել մարտի 2-ին կայացած ընտրությունների արդյունքով միասնության կառավարություն ձևավորելու շուրջ:
Ապրիլի 11-ին Գանցը պաշտոնապես դիմել էր նախագահին կառավարություն ձևավորելու ժամանակը երկու շաբաթով երկարացնելու համար, սակայն նախագահը հրաժարվել է:
Այժմ իսրայելական խորհրդարանը պետք է 21-օրյա ժամկետում ձայների մեծամասնությամբ նախագահին ներկայացնի պատգամավորներից մեկի թեկնածությունը, որն էլ իր հերթին պետք է 14-օրյա ժամկետում ձևավորի կառավարություն: Եթե խորհրդարանին չհաջողվի կայուն կառավարություն ձևավորել, ապա 90 օր հետո կնշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Նշենք, որ մարտի 2-ին կայացած ընտրությունները երրորդն էին վերջին մեկ տարվա ընթացքում: Երեք ընտրություններում էլ հաղթել է Նեթանյահուի կուսակցությունը, սակայն ստացած ձայներրի քանակը թույլ չի տվել վերջինիս կազմելու մեծամասնության կառավարություն, իսկ լայն կոալիցա (նեղ կոալիցան խիստ սահմանափակում է վարչապետի մանևրելու հնարավորությունը, ինչը որևէ կերպ ձեռնտու չէ նրան) կազմելու բանակցությունները հաջողություն չեն ունեցել, քանի որ Նեթանյահուն պնդում է, որ կառավարությունը պետք է ղեկավարի ինքը:
Մարտի 2-ի ընտրություններից հետո թեև որոշակի լավատեսություն կար, որ աջերն ու ձախերը կկարողանան կոալիցիայի շուրջ համաձայնության գալ, հաշվի առնելով, որ Գանցն ընդունել էր խորհրդարանի խոսնակի պաշտոնը, սակայն բանակցությունները կրկին հայտնվեցին փակուղում:
Իսրայելում արդեն մեկ տարի շարունակվող քաղաքական ճգնաժամը մեծապես պայմանավորված է Նեթանյահուի դեմ կոռուպցիոն գործով մեղադրանքի առկայությամբ: Նշենք, որ իսկզբանե նախատեսվում էր, որ եթե Գանցին չհաջողվի կոալիցիոն կառավարություն ձևավորել, նախագահը կառավարություն ձևավորելու մանդատը պետք է տար Նեթանյահուին, սակայն Ռիվլինը չգնաց այդ քայլին:
Իսրայելում վերջին շրջանում տարբեր քաղաքական և հասարակական ուժեր ակտիվ պայքար են մղում, որպեսզի Նեթանյահուին, պայմանավորված առկա դատական գործընթացով, արգելվի կառավարություն ձևավորել, իսկ վերջինիս համար վարչապետի պաշտոնը նշանակում է նաև որոշակի իմունիտետ դատական գործընթացի նկատմամբ:
Այժմ դժվար է ասել խորհրդարանին կհաջողվի՞ հատկացված ժամանակահատվածում ձևավորել կոալիցիոն կառավարություն: Իսրայելում քաղաքական ճգնաժամով պայմանավորված իրավիճակն էլ ավելի է բարդանում կորոնավիրուսի հետևանքով: Համավարակի դեմ արդյունավետ պայքարի համար անհրաժեշտ են հավելյալ ֆինանսական միջոցներ, որոնք տրամադրելու իրավունք ժամանակավոր կառավարությունը չունի: