Աշխարհում ասթմայով հիվանդ միլիոնավոր մարդիկ այսօր չեն պատկերացնում իրենց կյանքն առանց աերոզոլային ինհալատորի, որի մեջի դեղամիջոցի՝ նատրիումի քրոմոգլիկատի՝ որպես բրոնխիալ ասթմայի դեղամիջոց օգտագործման նախաձեռնողը Ռոջեր Էդվարդ Քոլլինգվուդ Ալթունյանն է: Այդ դեղամիջոցը գրեթե ամբողջական պաշտպանություն է ապահովում հակագենից՝ փրկելով ասթմայով հիվանդ մարդկանց կյանքեր:
Ռոջեր Ալթունյանը ծնվել է 1927 թվականին: Ալթունյանների ընտանիքը Մեծ Բրիտանիա է տեղափոխվել Հալեպից (Սիրիա):
Երկրորդ աշխարհամարտի սկզբից, թաքցնելով իր իրական տարիքը (և իր ատոպիկ էկզեման), Ռոջերը միացել է Թագավորական ռազմաօդային ուժերին և ուղարկվել է ուսանելու Ռոդենզիայում՝ որպես օդաչու-ռմբարկու: 1941 թվականին սկսել է որպես հրահանգիչ թռիչքներ կատարել ռազմաօդային ուժերի կազմում:
Պատերազմից հետո Ռոջերը Քեմբրիջում բժշկություն է ուսումնասիրում: 1952 թվականին, ավարտելով ուսումը, նա անմիջապես մեկնել է Հալեպ՝ աշխատելու հիվանդանոցում, սակայն արդեն 1955 թվականին ստիպված է լինում վերադառնալ Մեծ Բրիտանիա: Հետդիպլոմային վերապատրաստման համար հիվանդանոցում աշխատանք չգտնելով՝ Ալթունյանը 1956 թվականին ընդունվում է Bengers Ltd դեղագործական ընկերության գիտա-հետազոտական բաժին: Ռոջեր Ալթունյանը սկսում է ասթմայի դեմ դեղամիջոցներ մշակել: Անձամբ լինելով ասթմայով հիվանդ՝ նա սկսում է իր վրա փորձարկել մշակվող դեղամիջոցների ազդեցությունը:
Ասթմայի առաջին նոպան Ռոջերի մոտ տեղի է ունեցել դեռ ուսանող ժամանակ և շուտով Ալթունյանն իր վրա կարողացավ զգալ այդ հիվանդության բուժման սահմանափակությունը:
1961 թվականին հետազտությունների տնօրենը որոշում է, որ աշխատանքը չի հաջողում և դադարեցնում է նախագիծը: Միայն 1963 թվականին է նոր միացությունը սինթեզվում: Այն տալիս է ասթմայի նոպաներից գրեթե 100 տոկոսանոց պաշտպանություն բավականին երկար ժամանակահատվածի ընթացքում:
1965-ի փետրվարին Ռոջերը կարողացել է վերջացնել դեղի մշակումը: Կլինիկական ուսումնասիրությունները շատ երկրներում հաստատել են քրոմոգլիկատի արդյունավետությունը, և այն արագորեն դարձել է ամբողջ աշխարհում ասթմայի հիմնական դեղը:
Այս հայտնագործությունով Ռոջեր Ալթունյանը չի դադարեցել իր հետազոտական աշխատանքը: Նույնիսկ երբ բժիշկներն արգելել էին իր վրա փորձարկումներ անել՝ թոքերի ֆունկցիայի խանգարման պատճառով, Ալթունյանը շարունակում է սեփական փորձով գտնել լավագույն դեղամիջոցները և դրանց չափաբաժինները:
1970-ականների վերջին Ալթունյանը տեղափոխվում է Ավստրալիա, որտեղ կլիման ավելի բարենպաստ է ասթմայով հիվանդ մարդու համար, քան Անգլիայում: Նա գրեթե մինչև կյանքի վերջ իր վրա փորձարկել է նոր դեղամիջոցներ:
Ռոջեր Ալթունյանը մահացել է 1985 թվականին: