Ադրբեջանը հետևողականորեն հասավ միջազգային գրեթե բոլոր կազմակերպությունների կողմից Արցախում տեղի ունեցած համապետական ընտրությունների վերաբերյալ հակահայկական հայտարարությունների:
Վերջինը Եվրոպայի Խորհուրդն էր, որը զերծ էր մնացել մեկնաբանություններից, ինչը մեծապես պայմանավորված է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի «խավիարային դիվանագիտության» շուրջ ծավալված աղմուկով, Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներով և այլն: Սակայն այս հանգամանքը չկանգնեցրեց Բաքվին: Ադրբեջանի խորհրդարանը բողոքի նամակ հղեց ԵԽԽՎ՝ արձագանքի բացակայության առիթով, իսկ Իլհամ Ալիևն անձամբ անդրադարձավ հարցին՝ մեղադրելով ԵԽԽՎ-ին հակաադրբեջանական լինելու մեջ և հայտարարելով, որ այդ կառույցի բանաձևերը ոչ մի արժեք չունեն և այդ կառույցի կարծիքն Ադրբեջանի մասին իրեն չի հետաքրքրում: Արդյունքում, Եվրոպայի խորհրդի հաղորդակցության հարցերով զբաղվող ստորաբաժանումն արձագանքեց ադրբեջանական ԶԼՄ-երի հարցմանը՝ հայտարարելով, որ Արցախի ընտրություններն իրավական հետևանք ունենալ չեն կարող:
Կարևորը և ուշագրավը, սակայն, տվյալ դեպում Ադրբեջանի վարած ագրեսիվ և պահանջատեր քաղաքականությունն է Եվրոպայի հետ հարաբերություններում: Ադրբեջանը չի պատրաստվում բավարարվել տարբեր կառույցներից հնչած հակահայկական հայտարարություններով և պահանջում է դրանից բխող քայլեր ձեռնարկել: Ադրբեջանի ԱԳ նախարարը հանդես է եկել հայտարարությամբ, որ «Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում անօրինական գործողությունները քննադատելը բավարար չէ, պետք է կյանքի կոչել միջազգային բանաձևերը»:
Բնականաբար, սա սին պահանջներ են, սակայն ակնհայտ է, որ Ադրբեջանն իրեն «հարմարավետ» է զգում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում և փորձում է հասնել առավելագույնին, օգտագործել ընձեռված հնարավորությունը: Տարիներ շարունակ Արևմուտքի համար ակնհայտ էր, որ Արցախյան հակամարտության համատեքստում Ադրբեջանն ապակառուցողական է և պարբերաբար աճում էր Բաքվի վրա ճնշումը, ինչը խոստովանում էր նաև Ադրբեջանի ղեկավարությունը: Իսկ առկա իրավիճակում Հայաստանի իշխանությունն իր քաոսային և հակասական քաղաքականությամբ ուժեղացրել է Ադրբեջանի դիրքերը, և Բաքուն արդեն փորձում է Արևմուտքի միջոցով ճնշում գործադրել Հայաստանի և Արցախի վրա:
Եվ Արցախի ընտրությունների վերաբերյալ արձագանքները միայն առկա գործընթացների տեսանելի կողմն են, որոշակի ցուցիչ: Շատ ավելի խոսուն է լինելու ԵՄ երկրների հետ Ադրբեջանի հարաբերությունների դինամիկան և Ադրբեջան-ԵՄ համաձայնագրում Արցախյան հակամարտության վերաբերյալ ձևակերպումները: Սպասելի է, որ Ադրբեջանը մեծ ջանքեր է ուղղելու այդ հարցերում իր համար ցանկալիին հասնելու համար: Հայաստանի ԱԳՆ-ն այդ ամենին լուռ հետևողի և կատարվողին մատների արանքով նայողի դերում լինելու պարագայում լուրջ խնդիրներ կստեղծի երկրի համար: