Թաթուլ Կրպեյանը Արցախյան շարժման ամենավառ դեմքերից էր: ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողը առաջիններից մեկն էր, որ անդամագրվեց Արցախը Հայաստանին վերամիավորելու պահանջին, դարձավ «Միացում» կազմակերպության անդամ՝ ուսանողության գաղափարական առաջամարտիկը: Երբ սկսվեցին սահմանային ընդհարումները, Թաթուլ Կրպեյանի պայքարը շարունակվեց զենքով: Նա ղեկավարեց Գետաշենի ենթաշրջանի զինված ինքնապաշտպանությունը: Թաթուլ Կրպեյանը զենքը ձեռքին հայրենիքը պաշտպանելուն զուգընթաց պատմություն էր դասավանդում Գետաշենի դպրոցներում, բանաստեղծություններ գրում ու ապրում էր հզոր, արդար ու պաշտպանված Հայաստանի երազանքով: Թաթուլ Կրպեյանը զոհվեց 1991 թվականի ապրիլի 30-ին, փլուզվող Խորհրդային Միության բանակի և Խորհրդային Ադրբեջանի ՆԳՆ կողմից իրագործված տխրահռչակ «Կոլցո» գործողության ժամանակ»,- ասված է ուղերձում: Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանը հայոց գալիք սերունդներին թողեց հայրենիքի փրկության նժարին ամենաթանկը դնելու պատգամն ու ազգային միասնության մեծ խորհուրդը: Հերոս-մտավորականի նրա առինքնող կերպարը ոգեշնչելու և արիացնելու է հայոց բազում սերունդների: