Այժմ ակտիվ քննարկվում են կարգավորման փաստաթղթերը՝ հիմնված հակամարտության կարգավորման փուլային սկզբունքի վրա: Այս մասին այսօր Գորչակովի ֆոնդի կողմից կազմակերպված տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով Արցախյան հակամարտության բանակցային գործընթացին:
Նա նշել է, որ կան նախագծեր, որոնք մեկ տարի առաջ ապրիլին Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ դրվել են շրջանառության մեջ և ակտիվ քննարկվում են հիմա:
«Այդ փաստաթղթերը ենթադրում են կարգավորման առաջմղում փուլային մոտեցման հիման վրա, ըստ որի առաջին փուլում պետք է լուծվեն առավել արդիական հարցերը, ԼՂ մի շարք շրջանների ազատումը և տրանսպորային, տնտեսական ու այլ հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը: Այնպես որ, ես համոզված եմ, որ երբ մենք գանք այդ փաստաթղթերը ստորագրելու որոշմանը՝ դա կարևորագույն քայլ կլինի ՄԱԿ ԱԽ բանաձևերի իրականացման համար, որոնք պահանջում էին դադարեցնել պատերազմը և սկսել պայմանավորվել»,- ասել է նա: