Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը վերահաստատում է, որ առանց պաշտոնական Ստեփանակերտի լիարժեք ու լիիրավ ընդգրկվածության, որևէ արդյունավետ հանգրվանի հնարավոր չէ հասնել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում։ Արայիկ Հարությունյանն այս մասին գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։
«Խորապես հասկանալով մեր հասարակության անհանգստությունները՝ պայմանավորված ադրբեջանա-արցախյան հիմնախնդրի շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների մասնակցությամբ պարբերաբար տեղի ունեցող քննարկումներով՝ մեկ անգամ ևս ցանկանում եմ վերահաստատել այդ հարցում մեր սկզբունքային դիրքորոշումը, որ առանց պաշտոնական Ստեփանակերտի լիարժեք ու լիիրավ ընդգրկվածության, որևէ արդյունավետ հանգրվանի հնարավոր չէ հասնել: Մենք շահագրգռված ենք հիմնախնդրի խաղաղ ու վերջնական կարգավորմամբ և գերազանցապես գիտակցում ենք, որ այն իր վճռական ազդեցությունն է ունենալու տարածաշրջանում կայուն եւ երկարատև խաղաղություն հաստատելու վրա, սակայն ակնկալում ենք նույն գիտակցումը ու պատասխանատվությունը նաև Ադրբեջանի կողմից: Իհարկե, մենք բարձր ենք գնահատում Հայաստանի Հանրապետության իշխանությունների բացառիկ դերակատարումն այս հարցում, բայց պետք է ընդունել, որ բանակցային սեղանին ներկայացված ցանկացած առաջարկի կամ փաստաթղթի շուրջ Արցախի ժողովրդի անունից բանակցելու համար առաջնային մանդատը ստացել են Արցախի Հանրապետության իշխանությունները:
Կարևորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործադրած ջանքերը հակամարտության խաղաղ կարգավորման գործում և ուշադիր հետևելով ապրիլի 20-ին և 21-ին համանախագահների և արտգործնախարարների հետ առանձին, ապա՝ բոլոր կողմերի մասնակցությամբ տեղի ունեցած տեսակոնֆերանսներին՝ ցավոք, հերթական անգամ արձանագրում ենք, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են խուսափել հակամարտության իրական կողմի հետ ուղիղ բանակցությունների վարումից: Դա, առաջնագծում պարբերաբար կրկնվող սադրանքների և հայատյաց քաղաքականության հետ համատեղ, մեծապես նվազեցնում է պաշտոնական Բաքվի ցուցադրած ձգտումների ազնվության ու վստահելիության մակարդակը:
Որպես Արցախի Հանրապետության ընտրված նախագահ՝ ես հայտարարում եմ՝
Արցախի իշխանություններն ինչպես նախկինում, այնպես էլ ապագայում պատրաստակամ են գործադրելու առավելագույն ջանքեր փոխադարձ հարգանքի մթնոլորտում կողմերի միջև վստահության ամրապնդման և հակամարտության խաղաղ ու վերջնական կարգավորման հարցում անհրաժեշտ կամք դրսևորելու և առաջընթաց արձանագրելու համար»,- գրել է Հարությունյանը: