ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Չինաստանի հետ առևտրային գործարքը լուծարել՝ այն դեպքում, եթե երկիրը իր պարտավորությունները չկատարի կորոնավիրուսի համավարակի ֆոնին: Այս մասին հայտնում է Business Standard-ը:
Առևտրային գործարքի առաջին փուլը, որի համաձայն Չինաստանը ԱՄՆ-ում պետք է ձեռք բերի 200 մլրդ դոլարի արտադրանք, առաջ է ընթանում նախատեսվածի պես: Այդուհանդերձ, ԱՄՆ-ի և Չինաստանի միջև տնտեսական դրության և անվտանգության ամփոփման հարցերով հանձնաժողովն իր զեկույցում նշել է, որ Չինաստանը կարող է օգտվել համաձայնագրի այն կետից, որը թույլ է տալիս 2 երկրների միջև նոր առևտրային խորհրդակցություններ անցկացնել՝ «տարերային աղետի կամ այլ անկանխատեսելի իրադարձության դեպքում»:
Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ նախագահը լրագրողի այն հարցին, թե որքանո՞վ է վստահ, որ Չինաստանը չի պատրաստվում օգտվել առևտրային համաձայնագրում հիշատակված տարերային աղետի մասին սողանցքից, պատասխանել է. «Եթե դա տեղի ունենա, մենք կհայտարարենք լուծարման մասին, և մենք կանենք այն, ինչը ես կարողանում եմ ամենից լավ անել»՝ հավելելով, որ ոչ ոք Չինաստանի հետ ավելի խիստ չի եղել, քան ինքը: