«Գազպրոմ Արմենիա» ընկերությունն այսօր հայտարարություն է տարածել, որում տեղեկացնում է, որ 2020 թվականի փետրվար և մարտ ամիսներին բնակիչ-բաժանորդներին մատակարարված բնական գազի, ինչպես նաև ներտնային համակարգի տեխնիկական սպասարկման ծառայությունների դիմաց վճարումները պետք է կատարվեն 3-օրյա ժամկետում:
«Ապրիլի 22-ից հետո 3 օրվա ընթացքում վճարում չկատարած բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը սահմանված կարգով կդադարեցվի»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր ավելի վաղ հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ բոլոր բնակիչ-բաժանորդների համար համընդհանուր ճանաչված՝ վերջիններիս կողմից էլեկտրական էներգիայի, բնական գազի և խմելու ջրի (ջրահեռացման ծառայությունների) դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը սույն թվականի ապրիլի 22-ից համարվում է վերացած։