Արցախի Պաշտպանության բանակը հրապարակել է նախօրեին՝ ապրիլի 21-ին՝ ժամը 13:07-ի սահմանում, ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից հարավային հատվածում խոցված անօդաչու թռչող սարքի մնացորդների լուսանկարները:
Արցախի ՊՆ-ն ապրիլի 21-ին հայտնել էր, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գծին հարակից տարածքներում հակառակորդի օդային ուժերի կողմից իրականացվող թռիչքները, որոնք կրում են ինչպես ուսումնավարժական, այնպես էլ հետախուզական բնույթ: Հատկանշական է, որ նշված գործողություններում, բացի տարբեր տեսակի մարտական ինքնաթռներից և ուղղաթիռներից, ներգրավվում են նաև անօդաչու թռչող սարքեր, որոնք ի տարբերություն առաջինների, հաճախ փորձում են հետախուզական նպատակներով ներթափանցել Արցախի Հանրապետության օդային տարածք: Այդօրինակ փորձերից մեկն էլ տեղի ունեցավ այսօր՝ ապրիլի 21-ին: ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները, հավաստանշելով ադրբեջանական <<ORBITER>> տիպի անօդաչու թռչող սարքի մուտքը Արցախի օդային տարածք, բերվել են համապատասխան աստիճանի մարտական պատրաստականության և գրագետ գործողությունների արդյունքում՝ ժամը 13:07-ի սահմանում խոցել այն: