Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի անդրադարձը Հայաստան մատակարարվող ռուսական գազի գնի վերաբերյալ խոսում է հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս մակարդակի մասին:
Հիշեցնենք, որ Հայաստանն ավելի վաղ դիմել էր Ռուսաստանին գազի գինն իջեցնելու խնդրանքով՝ հաշվի առնելով էներգակիրների շուկայում այս պահին ձևավորված իրավիճակը և այն հանգամանքը, որ Ռուսաստանը որոշ երկրների համար գազի սակագինը նվազեցրել է:
Ռուսական կողմի արձագանքն այս հարցին, պետք է նկատել, որ սպասելի էր, քանի որ տարիներ շարունակ Հայաստանը Ռուսաստանից գազ ձեռք է բերել շուկայականից ցածր գներով, և այդքան էլ կոռեկտ չէր համաշխարհային շուկայում ներկայիս գներին հղվելով պահանջել գնի նվազեցում: Սակայն գազի գինն այսօր հայ-ռուսական տնտեսական օրակարգի միակ խնդրահարույց կետը չէ:
ՌԴ ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ «վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանում սկսված դատական գործընթացները համատեղ ձեռնարկությունների դեմ, այդ թվում`«Հարավկովկասյան երկաթուղու», կկարգավորվեն և չեն իրականացվի բաներ, որոնք անհամատեղելի են դաշնակցային հարաբերություններին»:
Անհասկանալի է՝ թե ինչ ի նկատի ունի ՌԴ ԱԳ նախարարը, երբ հայտարարում է, որ դատական գործընթացների շրջանակներում չպետք է իրականացվեն բաներ, որոնք դաշնակիցների հարաբերություններին հարիր չեն, սակայն ամրագրենք, որ դաշնակցային հարաբերությունները որևէ կերպ չպետք է խանգարեն Հայաստանում արդարադատության իրականացմանը և թափանցիկ իրավական գործընթացին: Այդուհանդերձ, Լավրովի այս հայտարարությունը վկայում է այն մասին, որ հայ-ռուսական երկխոսությունում ունենք լուրջ խնդիրներ, և հարաբերություններն այնքան էլ փայլուն չեն, ինչպես ներկայացնում է ՀՀ իշխանությունը:
Ընդ որում, ինչպես հետևում է Լավրովի խոսքից, Ռուսաստանում կուտակված դժգոհությունները, միայն տնտեսական բնույթի չեն: «Եթե խոսում ենք դաշնակցային հարաբերությունների մասին, ապա դրանք պետք է դրսևորվեն բոլոր ոլորտներում», - ասել է Լավրովը:
Ի դեպ, նույն օրը ՌԴ ԱԳ նախարարը հանդես եկավ նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային ներկայիս գործընթացի վերաբերյալ հայտարարությամբ, որը հայկական կողմերի համար պարունակում է մի շարք խնդրահարույց դրույթներ, իսկ որոշներն ընդհանրապես հակասում են Հայաստանի իշխանության՝ մինչ այժմ արած պնդումներին:
Հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերություններում խնդիրների մասին խոսվում է 2018 թվականից ի վեր՝ սակայն գլխավորապես փորձագիտական մակարդակում: Այժմ այդ մասին արդեն խոսվում է նաև պաշտոնական մակարդակում: