Երեկ ԱԺ-ն ընդունեց Միքայել Մելքումյանի և կառավարության համատեղ ներկայացրած օրինագիծը, որով հարկային պարտավորությունների չկատարման համար ուշացած օրերի տույժը 0.075 տոկոսից դարձրեցինք 0.04 տոկոս, այսինքն կիսով չափ նվազեցվեց տույժի գումարը: Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, փոխանցում է News.am-ը:
Բացի այդ, ըստ նրա, գույքի արգելանքի կիրառման պարագայում 500 հազար դրամի շեմը բարձրացվեք երեք անգամ և սահմանվեց 1,5 մլն դրամ:
Անանյանի խոսքով, ՊԵԿ-ի կողմից սահմանված է մի շեմ՝ 200 հազար դրամ, որը գերազանցելու պարագայում հարուցվում է չվճարված հարկային պարտավորությունների վարչական վարույթ: Նաև սահմանված է գույքի արգելանքի շոեմ՝ 500 հազար դրամ: Այսինքն եթե հարկ վճարողն ունի չվճարված հարկ, որը չի վերազանցում 200 հազար դրամը, ապա չի հարուցվում գանձման վարչական վարույթ, և եթե չի գերազանցում 500 հազար դրամը, ապա գույքի բռնագանձում չի իրականացվում: Հիմա այդ 500 հազար դրամը դառնում է 1,5 մլն դրամ»,-ասաց ՊԵԿ նախագահը:
Նա հավելեց, որ եթե համադրենք այս երկու փոփոխությունները՝ շեմի բարձրացումը և տույժերի կրկնակի նվազեցումը, ապա սրանով հարկ վճարողներին կվազի վարկավորման գործիք է առաջարկվում. «Ըստ էության, մինչև 1,5 մլն դրամի չվճարված հարկային պարտավորություն ունեցող անձինք ստանում են տարեկան հաշվարկով 14,6 տոկոս տոկոսադրույքով վարկային գծի նման մի հնարավորություն»:
Անանյանը տեղեկացրեց, որ այս երկու գործիքների համադրությունը քննարկվել է կառավարությունում կորոնավիրուսի վարակի տնտեսական հետևանքները չեզոքացնող հանձնաժողովի քննարկումներից մեկի ժամանակ: «Ուղղակի «Իմ քայլից» Բաբկեն Թունյանը հիշեցրել է, որ շեմի բարձրացման նախաձեռնությամբ ավելի վաղ հանդես էր եկել ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը, և առաջարկեց, որ այս նախագիծն իր հետ քննարկենք և դա ներկայացնենք կառավարության և Մելքումյանի հետ համատեղ նախագիծ:
Այս նախաձեռնությունը տարածվելու է ապրիլի 21-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա: «Եթե դուք տեսնեք, որ ձեր անձնական քարտի հաշիվներում տույժերը դեռևս հաշվարկվում են հին՝ 0.075 տոկոսով, անհանգստանալու առիթ չկա: Երբ ավտոմատացված համակարգերում համապատասխան մոդուլները ձևավորված կլինեն, մենք կկատարենք վերահաշվարկն այնպես, որ ապրիլի 21-ից սկսած տույժերի հաշվարկը լինի օրենքով սահմանված կարգով»,- ասաց Դավիթ Անանյանը: