Ապրիլի 20-ին բորսաներում նավթի մայիսյան ֆյուչերսները գրանցեցին աննախադեպ գնանկում` հասնելով -30 ից -40 դոլարի շրջակայք: Չնայած առաջացած խուճապային տրամադրություններին, իսզբանե պետք է նշել, որ նավթի շուկան գտնվում է բնական ինքնակարգավորման մեջ:
Փորձենք վերհիշել իրադարձությունների ու դրանց հետևանքների քրոնիկոնը:
2020թ. մարտի սկզբին ՕՊԵԿ+ կարտելի անդամ երկրները չկարողացան պայմանավորվել նավթի արդյունահանման ծավալները կրճատելու մասին որոշումը երկարաձգելու շուրջ: Պատճառը ՌԴ-ն էր, որը հրաժարվեց շարունակել կրճատել նավթի արդյունահանումն այն դեպքում, երբ ՕՊԵԿ անդամ չհանդիսացող մնացած երկրները ևս կրճատում չեն իրականացնում: Այս լուրերը բավական բացասական ազդեցություն ունեցան նավթի համաշխարհային գների վրա` դրանք իջեցնելով ընդհուպ մինչև մեկ բարելի դիմաց 20-23 դոլարի: Պետք է նշել, սակայն, որ այս անհամաձայնությունը բազմապատիկ էֆեկտ ունեցավ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների պատճառով նավթի համաշխարհային պահանջարկի կտրուկ կրճատման ֆոնին: Չկա պահանջարկ, բայց ավելանում է առաջարկը (թեմային առավել մանրամասն ծանոթացեք այստեղ):
Հասկանալի էր ու սպասված, որ այս վիճակը երկար չէր կարող ձգձվել: Արդյունքում, ապրիլի կեսին, նույն կարտելի երկրներն՝ արդեն ԱՄՆ մասնակցությամբ, ի վերջո ձեռք բերեցին նավթի արդյունահանման ծավալների կրճատման շուրջ սպասված համաձայնությունը: Այն է`սկզբի համար օրական շուրջ 9.7 մլն բարել, հետզհետե այդ ծավալները նվազեցնելու հեռանկարով:
Որպես ցանկացած փոփոխությանն ամենաարագ արձագանքող ոլորտ` ֆինանսական շուկաներում, բնականաբար, դրական փոփոխությունները չուշացան` մեկ օրվա ընթացքում նավթի գնի 30-40 տոկոս թանկացման տեսքով: Մինչդեռ դա ֆոնային տրամադրություն էր: Իրականում «սև ոսկու» գների շարունակական կայունացման համար նախադրյալներ չկային:
Պատճառները մի քանիսն են: Նախ, չնայած ՕՊԵԿ+ կարտելում ձեռք է բերվել պայմանավորվածություն, միևնույն է, այն ուժի մեջ է մտնելու հունիսից: Դա նշանակում է, որ հունիսից միայն նավթի արդյունահանումը կկրճատվի:
Երկրորդ, դեռ որևէ կերպ լուծված չէ նավթի պահանջարկի խնդիրը: Գլոբալ տնտեսությունը դեռևս «կանգնած» վիճակում է, չկա արտադրություն, չկա արդյունաբերություն, չկան փոխադրումներ: Չկա նավթի սպառում: Ստացվում է, որ այս պահին դեռևս շարունակվում է նավթի ծավալների անսահմանափակ արդյունահանումը, բայց չկա դրա սպառումը: Արդյունքում, ունեցանք ապրիլի 20-ի աննախադեպ, բայց սպասելի վիճակը: Ի դեպ, սա հրաշալի բեռնաթափում էր, սակայն այս հարցին կանդրադառնանք ստորև:
Պետք է նշել, որ ապրիլի 20-ին նավթի գների կտրուկ աճը նավթային ապոկալիպսիսի պես ընդունելը սխալ էր ևս մեկ պատճառով: Գնանկումների կառուցվածքի ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ շատ մեծ բացասական սալդո գրանցվեց ամերիկյան ֆյուչերսների նկատմամբ: Խոսքն ամերիկյան թերթաքարային նավթին է վերաբերում, որի շուրջ ձևավորված քաոսը սկսվել էր դեռ ՕՊԵԿ+ մարտյան անհամաձայնության ժամանակ, երբ մրցակից նավթի գները կտրուկ իջան:
Ինչ վերաբերում է ապրիլի 20-ին գրանցված բացասական գնին, ապա պետք է ասել, որ այդպիսով նավթի շուկայում ձևավորված լարված մթնոլորտը որոշակիորեն բեռնաթափվեց, քանի որ նավթի վերամշակում ունեցող երկրներն օգտվեցին այդ առաջարկից, և նավթի պահանջարկի աճ նկատվեց: Հիշեցնենք, որ նավթի բացասական գինն այն դեպքն է, երբ, նավթի պահուստավորման երաշխիքներ տրամադրելու դեպքում, արդյունահանողը նավթի ձեռքբերողին ինքն է գումար առաջարկում: Իրավիճակի որոշակի կայունացմանը նպաստեց նաև Թրամփի հայտարարությունն առ այն, որ Միացյալ Նահանգները կգնի 75 մլն բարել նավթ:
Պետք է նշել, որ շուկայի ինքնակարգավորումը շարունակվում է: Ապրիլի 23-ի դրությամբ, նավթի գինն ավելացել է մոտ 13 տոկոսով: Իհարկե, սա չի նշանակում, որ այս միտումն արդեն կարելի է համարել օրինաչափություն, քանի որ, ինչպես արդեն նշվեց, ֆոնդային բորսաները գերզգայուն են ցանկացած իրադարձության նկատմամբ, իսկ դրանց կանխատեսելիությունն այս պահին փոքր է:
Սակայն կարելի է վստահ լինել, որ կայուն վերականգնման փուլ «սև ոսկին» կմտնի մայիսի կեսերից սկսած`երբ հանվեն երկրների սահմանափակումները:
Ամռանը կունենանք կայուն վիճակ: