Լատվիայի Սաեյմաի (խորհրդարանի) քարտուղար, Լատվիայի խորհրդարանում Հայաստանի խորհրդարանի հետ հարաբերությունների խթանման խմբի ղեկավարի տեղակալ Անդրեյս Կլեմենտևսը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին։ Այս մասին տեղեկանում ենք Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան կայքէջից:
«Որպես Լատվիայի Սաեյմայում Հայաստանի խորհրդարանի հետ հարաբերությունների խթանման խմբի ղեկավարի տեղակալ` կցանկանայի իմ համերաշխությունն արտահայտել անձամբ Ձեզ, ՀՀ Ազգային ժողովին և հայ ժողովրդին՝ ի հիշատակ այն ողբերգական իրադարձությունների, որոնք տեղի են ունեցել 105 տարի առաջ ապրիլին։
Կցանկանայի հավաստիացնել Ձեզ, որ Լատվիայի խորհրդարանը Ձեր կողքին է՝ ապրիլի 24-ին հարգանքի տուրք մատուցելով զոհերին և հիշատակելով Հայոց ցեղասպանության հիշատակի օրը։ Մեր երկրներն իրար նման են վերապրած դժվարին պատմությամբ, որը մեզ օգնում է հասկանալ հայ ժողովրդի ցավը։
Ընդունեք, խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքներիս
հավաստիքը»,- նշված է ուղերձում: