Իսրայելի առողջապահության նախարար Յակով Լիցմանը հայտարարել է իր հրաժարականի մասին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով իսրայելական հեռուստատեսության «13» ալիքին։
«Առողջապահության նախարար Յակով Լիցմանը շաբաթ օրը վարչապետ Բենիամին Նեթանյահուին հայտարարել է, որ ուզում է հրաժարական տալ իր պաշտոնից և խնդրում է բնակարանային շինարարության նախարարի պաշտոնը»,- ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։
Լրագրողները նշում են, որ նախարարը լուրջ քննադատությունների է արժանացել՝ կապված Իսրայելում կորոնավիրուսի համավարակի ընթացքում գերատեսչության որդեգրած քաղաքականության հետ։ Նախարարն ինքը վարակվել է COVID-19-ով և հիվանդությունն առանց բարդությունների է տարել։
Հաղորդվում է նաև, որ առողջապահության նախարարի պաշտոնից Լիցմանի հրաժարականի մասին որոշ ժամանակ առաջ խնդրել է վարչապետ Նեթանյահուն։