Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ 2015 թվականի հունվարի 29-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հրապարակվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը: Փաստաթուղթն, ի թիվս այլնի, հռչակեց նաև Ցեղասպանության համաշխարհային ճանաչման և հետևանքների հաղթահարման ուղղությամբ իրավական պահանջների թղթածրար մշակելու անհրաժեշտության մասին՝ դիտելով այն անհատական, համայնքային և համազգային իրավունքների և օրինական շահերի վերականգնման գործընթացի մեկնարկ: Ի դեպ, Հայոց ցեղասպանության հիմնախնդիրների իրավական թղթածրարն ամբողջականացնելու նպատակով հանձնախումբը ստեղծվել էր դեռ 2013-ին՝ այն ժամանակ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունի գլխավորությամբ: Համահայկական հռչակագրում ամրագրում ստանալով՝ այս նախաձեռնությունն ու պահանջատիրության գործընթացը բարձրացան մի նոր մակարդակի:
«Գիտեք, որ կան արդեն առաջին իրավական հայցերը` ներկայացված Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի կողմից: Ես կարծում եմ, որ այս գործընթացը շարունակվելու է, մարդիկ սկսում են նորովի գնահատել այն փաստաթղթերը, ժառանագությունը, ապացույցները, որ ունեն», - հանձնախմբի աշխատանքների հետ կապված 2015 թվականի սեպտեմբերին նշեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը:
2018-ի թավշյա հեղափոխությունից հետո հանձնախմբի և դրա կողմից իրականցված աշխատանքների մասին գրեթե չի խոսվում: «Այդ թղթածրարի նախապատրաստումը մեկ կամ երկու տարվա աշխատանք չէ», - 2019-ի ապրիլին «Հայացք Երևանից. Ռեալպոլիտիկ» հաղորդման եթերում նշեց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Անշուշտ, իրավական թղթածրարի մշակման ուղղությամբ աշխատանքները շատ են, սակայն դրանց կարևորության և արդեն ստացված արդյունքի մասին չխոսելը, թերևս, այլ պատճառներ ունի: Առնվազն չի բացառվում, որ սա ևս տեղավորվում է նախկին իշխանություններին մերժելու, ամեն ինչ զրոյից, սեփական կետից սկսելու և նախորդների արած դրական քայլերը պարզապես անտեսելու քաղաքականության մեջ: