Լիբանանի բանակը վերականգնել է վերահսկողությունը Բեյրութի հիմնական փողոցների նկատամբ՝ այնտեղից դուրս մղելով բողոքի շարժման ակտիվիստներին: Լիբանանում բողոքի նոր ալիքը բարձացել է ազգային արժույթի՝ ավելի քան երկու անգամ արժեզրկումից հետո, ինչը ավելի է խորացրել երկրում առկա սոցիալ-տնտեսական բավականին բարդ վիճակը: Լիբանանյան ֆունտի արժեզրկման հետևանքով երկրում սննդամթերքը թանկացել է մոտ 60 տոկոսով: Ցուցարարները պահանջում են իշխանությունից իրենց սոցիալական իրավունքների պաշտպանություն և փոխհատուցում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում կառավարության կողմից մարտին ընդունված արտակարգ միջոցառումների պատճառով իրենց կրած վնասների համար:
Ընդ որում, ցուցարարները բավականին ագրեսիվ են տրամադրված: Երկրի տարածքում բողոքի ակցիայի մասնակիցները բանկեր են այրել և թալանել: Մասնավորապես, բողոքի ակցիայի մասնակիցները դժգոհում են բանկերի կողմից արտարժույթով գործարքների սահմանափակման դեմ:
Առավել խոշոր և կատաղի բողոքի ակցիաներ տեղ են ունեցել երկրի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Տրիպոլիում, որտեղ ապրիլի 28-ին բանակային ստորաբաժանումներ են ուղարկվել այն բանից հետո, երբ անկարգությունների ժամանակ ցուցարարները հրկիզել են բանկի մի քանի ծառայողի: Ցուցարարների և զինվորականների դիմակայությունը լիբանանյան այդ քաղաքում բավականին կատաղի է եղել: Հաղորդվում է, որ բախումների հետևանքով վիրավորվել է 60 զինծառայող:
Ընդ որում, իշխանությունները Տրիպոլիում ստեղծված իրավիճակում քաղաքական հետք են տեսնում: Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը հայտարարել է, որ երկրի կառավարությունը «ձեռքերը ծալած չի նստելու, երբ որոշ քաղաքական շրջանակներ օգտագործում են ցույցերը երկրի կայությունը և անվտանգությունը խաթարելու համար»:
Նշենք, որ Տրիպոլիի բնակչության մեծամասնությունը նախկին վարչապետ Սաադ Հարիրիի «Ալ-Մուստակբալ» շարժման կողմնակիցներն են: Al-Akhbar թերթի փոխանցմամբ` Հարիրին օգտագործում է ֆինանսական դեֆոլտը և երկրի սոցիալական վիճակի կտրուկ վատացումն իշխանության գալու համար:
Հիշեցնենք, Սաադ Հարիրին վարչապետի պաշտոնից հրաժարական է տվել 2019 թվականի նոյեմբերին երկրում մոտ մեկ ամիս շարունակվող բողոքի ակցիաների ֆոնին: Այն ժամանակ ևս լիբանանցիները բողոքում էի իշխանությունների տնտեսական քաղաքականությունից: