Ադրբեջանն անցնող օրերին հրապարակեց միջազգային տարբեր կառույցների խորհրդարանական վեհաժողովներում ադրբեջանական պատվիրակությունների կազմը: Ինչպես և ակնկալվում էր, այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ղեկավար Թուրալ Գյանջալիևն ակտիվորեն զբաղվելու է խորհրդարանական դիվանագիտությամբ: Նա ընդգրկվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի և Եվրանեսթ ԽՎ ադրբեջանական պատվիրակությունների կազմում:
Գյանջալիևի ներկայությունն այդ պատվիրակություններում հուշում է, որ Բաքուն փորձելու է այդ հարթակներն էլ ավելի ակտիվորեն օգտագործել Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ադրբեջանական ապատեղեկատվություն տարածելու և հակահայկական քարոզչություն իրականացնելու համար:
Թվում է, թե Բաքվի այս ձեռագրում որևէ նոր բան չկա. Ադրբեջանը մշտապես միջազգային ամբիոններից փորձել է խեղաթյուրել Ղարաբաղյան հակամարտության էությունը: Սակայն Գյանջալիևի կողմից այս քարոզչությունը կարող է շատ ավելի ազդեցիկ լինել:
Ադրբեջանը 2018 թվականի վերջից ակտիվ աշխատանք է իրականացնում այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» լեգիտիմացման ուղղությամբ: Այս երկու տարվա ընթացքում այդ մտացածին միավորի ղեկավար Թուրալ Գյանջալիևը, ով, ի դեպ, կադրային դիվանագետ է, ակտիվորեն աշխատում էր կառույցը միջազգային ընկալումներում լեգիտիմացնելու ուղղությամբ: Այդ հարցում առանձնակի կարևոր էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանների հետ հանդիպումները, ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունը, ինչպես նաև հանդիպումը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ, ով Գյանջալիևի հետ հանդիպում է ունեցել վերջինիս պատգամավոր ընտրվելուց հետո:
Պետք է նկատել, որ Ղարաբաղյան հակամարտությանը միջհամայնքային բնույթ հաղորդելու հարցում Ադրբեջանի տարիների երազանքի ուղղությամբ Բաքվի այս ձեռքբերումներին նպաստել է նաև Հայաստանի պատկան մարմինների անգործությունը:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն այդ, այսպես կոչված, համայնքի ակտիվացման մեջ չէր ցանկանում որևէ անհանգստացնող բան տեսնել և դրա դեմ որևէ կանխարգելիչ քայլ անել:
Արդյունքում, այսօր արդեն պատգամավորի կարգավիճակ ստացած Գյանջալիևը խորհրդարանական դիվանագիտության հարթակներում ներկայանալու է ոչ թե որպես ուղղակի պատգամավոր, այլ «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» կողմից ընտրված ներկայացուցիչ, որը, ի դեպ, հավակնում է ներկայացնել նաև հայերի շահերը:
Ի տարբերություն մեր ԱԳՆ-ի, շատ երկրներ կարող են բավականին լուրջ ընդունել այդ մտացածին միավորը և նրա ղեկավարին: Մինչ այս Գյանջալիևի ունեցած միջազգային հանդիպումների շրջանակն առնվազն խոսում է այդ սցենարի մեծ հավականության մասին:
Նման պայմաններում մեր դիվանագիտությունը պետք է հրաժարվի այս հարցում «ջայլամի» քաղաքականությունից և մշակի ադրբեջանական քարոզչությանը հակազդելու առավել արդյունավետ մեխանիզմներ և սկսի կիրառել դրանք: