Ճապոնիայում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի կառավարական շտաբը որոշում է ընդունել մինչև մայիսի 31-ը երկարաձգել արտակարգ դրության ռեժիմի ժամկետը: Այս մասին հայտնել է Ճապոնիայի տնտեսության վերականգնման նախարար Յասուտոսի Նիսիմուրան, որը ղեկավարում է կորոնավիրուսի դեմ տարվող պայքարը:
«Փորձագիտական խորհրդում քննարկել ենք արտակարգ դրության ռեժիմի ժամկետների հարցը: Փորձագետները համաձայնել են, որ ժամանակահատվածը պետք է երկարաձգել մինչև մայիսի 31-ը: Ինչ վերաբերում է, թե որ տարածքներում, ապա, ասեմ, որ որոշումն առնչվում է բոլոր վարչական տարածքներին»,-ասել է նա:
Նշենք, որ չնայած նրան, որ վերջին օրերին Ճապոնիայում կորոնավիրուսով վարակվածության նոր դեպքերի թվի կրճատում է նկատվում՝ 400-ից իջել է 200-ի, սակայն կառավարության առջև դրված խնդիրը՝ շփումները 70-80 տոկոսով կրճատելը, չի լուծվել: