Հայկական կողմը միշտ ասել է, որ ղարաբաղյան հարցի առնչությամբ բանակցությունները հիմնվում են փոխադարձ զիջումների վրա։ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը` անդրադառնալով բանակցությունների հետ կապված Հայաստանի ներսում հնչող կարծիքներին, հաղորդում է Sputnik Արմենիան։
«Մեկ կարևորագույն սկզբունք կա, որը վերաբերվում է ներքին քաղաքականությանը` ներքին քաղաքականությունից չես փախչի. ես քաղաքական մրցակցության մեջ չեմ մտնելու։ Շատ կարևոր է մնալ սառնասիրտ և հանգիստ։ Սակայն, մյուս կողմից, մեր հասարակության մեջ կա կոնսենսուս այս ամենի շուրջ. դա ավելի է ամրապնդում մեր դիրքերը», – ասաց նախարարը։
Անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարության` Հայաստանի ներսում հնչող կարծիքներին` Մնացականյանը նշեց, որ այդ մասին ԱԳՆ–ն արդեն իսկ իր դիրքորոշումը հայտնել է և կարիք չկա ավելի փորփրել հայկական կողմի դիրքորոշումը։
Նախարարն ասաց նաև, որ կորոնավիրուսի համավարակի օրերին Հայաստանը պահում է իր կապը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ։ «Այս շրջանում կապը համանախագահների հետ եղել և մնում է անմիջական և մշտական։ Շարունակում ենք տարբեր քննարկումներ` կապված իրավիճակին արձագանքելու և զինադադարի ռեժիմը պահպանելու հետ։ Այս շրջանում համեմատաբար հանգիստ է իրավիճակը, սակայն մենք անմիջապես արձագանքում ենք յուրաքանչյուր զարգացման»,–ասաց նախարարը։
Նրա խոսքով` զինադադարի պահպանումը շատ կարևոր է, քանի որ աշխարհի բոլոր երկրների համար, ներառյալ տարածաշրջանի` Հայաստանի և Ադրբեջանի, առաջնային գերակա խնդիրը համավարակի դեմ պայքարն է, հաղորդում է Sputnik Արմենիան։