«Փուլային-փաթեթային տերմինաբանությունը կապված է նաև խաղաղ գործընթացի պատմության հետ։ Եթե որևէ մեկը ենթադրում է, որ կարող է լինել փուլային այնպիսի տարբերակ, որտեղ մենք խախտում ենք պարտավորությունների համադրությունը, ապա դա չաշխատող տարբերակ է։ Կար մի գործընկեր, որ ժամանակին ասում էր, մենք համաձայն ենք փուլայինին, բայց առաջին փուլում ստատուսն է լուծվում, հետո մնացածը»,- այսօր այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում՝ պատասխանելով Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման «փուլային-փաթեթային» տարբերակի վերաբերյալ պատգամավորի հարցին, հաղորդում է Panorama.am-ը։
ԱԳ նախարարը նշեց, որ մեզ համար չափազանց էական է ձևավորել փաթեթային շրջանակ, որտեղ պարտավորություններն արտահայտված են, համադրելի են, շոշափելի են, վերահսկվում են։
«Սա ամենաառաջնային խնդիրն է։ Եթե ենթադրվում է, որ պետք է լինի փուլային տարբերակ, որտեղ մի կողմը սկսում է իրականացնել իր պարտավորություններն ավելի մեծ չափով և չի ստանում համադրելի պատասխան, քայլ, պարտավորություն մյուս կողմից, ինքը խախտում է, խարխլում է իր անվտանգային և մնացած բոլոր դիրքերը բանակցություններում։ Նման իրականացումն անհնար է»,-ասաց Զոհրաբ Մնացականյանը։
Հիշեցնենք, որ օրերս մեծ արձագանք էր ստացել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, թե ներկայումս քննարկվում է ԼՂ կարգավորման փուլային տարբերակը։