Լեհաստանի Սենատը մայիսի 5-ին մերժել է իշխող «Օրենք և արդարություն» կուսակցության կողմից ներկայացված՝ նախագահական ընտրությունները փոստային քվեարկությամբ անցկացնելու մասին նախագիծը: Այս մասին տեղեկացնում է «Deutsche Welle»-ն՝ հիշեցնելով, որ ընտրությունները Լեհաստանում նախատեսված են մայիսի 10-ին:
Ընդդիմությունը, որը Սենատում կեսից ավելի տեղ է զբաղեցնում, առաջարկում է տեղափոխել ընտրությունների անցկացման օրը: Ընդդիմադիր պատգամավորները մտահոգություն են հայտնում նաև, որ փոստային ծառայությունը չի կարող քվեաթերթիկները ժամանակին հասցնել 30 մլն ընտրողներին:
Լեհաստանի Սահմանադարության համաձայն, Սենատը իրավունք ունի մերժել Սեյմի՝ ստորին պալատի կողմից ներկայացված ցանկացած նախագիծ: Այդուհանդերձ, ստորին պալատը կարող է հաղթահարել Սենատի վետոն՝ ունենալով ձայների բացարձակ մեծամասնություն: Սեյմում պատգամավորների զգալի մասը «Օրենք և արդարություն» կուսակցության ներկայացուցիչներն են: Մոտ օրերս սպասվում է պատգամավորների քվեարկությունը: