Covid-19 համավարկը յուրօրինակ թեստ է Հայաստանի իշխանության համար՝ այդ թվում նաև պարզելու, թե որքանով է այս կամ այն ոլորտում կառավարության որդեգրած քաղաքականությունը թիրախավորված և իրատեսական: Բացառություն չէ նաև արտաքին քաղաքականությունը:
Մայիսի 6-ին Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց 2019 թվականին դեսպանահավաքի ժամանակ հռչակված արտաքին քաղաքական սկզբունքները՝ համահայկականություն, ինքնիշխանություն և փոխգործակցություն:
Համավարակով պայմանավորված այսօր մեր շատ հայրենակիցներ, ընդ որում ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, հայտնվել են բավականին բարդ իրավիճակում: Ըստ էության, արտաքին քաղաքականությունում համահայկականության սկզբունքը պետք է դրսևորվի հատկապես նման բարդ իրավիճակներում: Հայաստանի իշխանությունը, որը հավակնում է ներկայացնել ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, այլև համայն հայությանը, պետք է գործողություններ իրականացնի նաև արտերկրում գտնվող մեր հայրենակիցների առողջապահական միջավայրի բարելավման և նրանց համար համավարակի բացասական հետևանքների չեզոքացման ուղղությամբ: Սակայն, ինչպես հայտարարել է սփյուքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը, իշխանությունը ոչ միայն պատկերացում չունի թե ամբողջ աշխարհում քանի հայ է վարակված, այլև չունի պատկերացում, թե արտերկրում գտնվող մեր հայրենակիցներից քանիսն է ցանկանում վերադառնալ Հայաստան կարանտինն անցկացնելու համար: Ավելին, պարզվել է, որ մեր հայրենակիցներին Հայաստան վերադարձնելու հետ կապված խնդիրներ ունենք: «Նախ մենք խնդիր ունենք այդ մարդկանց ՀՀ հասցնելու հարցում, բայց այստեղ մեկ այլ խնդիր էլ կա, թե մենք որքանով ենք պատրաստ այդքան հոսքեր ընդունելու», - նշել է հանձնակատարը:
Ընդ որում, պետք է նկատել, որ համահայկականությունն արտաքին քաղաքականություն սկզբունք հռչակելը սփյուռքին ուղղված միակ ուղերձը չէ, որը Հայաստանի իշխանությունը գործնականում չի կարողանում կյանքի կոչել: Հեղափոխությունից հետո իշխանությունը հայտարարեց սպասվող մեծ հայրենադարձության մասին: Այսօր արդեն պարզվում է, որ մենք այստեղ ևս խնդիրներ ունենք: «Ես պետք է ասեմ, որ մենք պատրաստ չենք մասշտաբային ռեպատրիացիային։ Եթե նման բան տեղի ունենա, եկեք անկեղծ լինենք՝ մենք դրան պարզապես պատրաստ չենք», - Ազգային ժողովում հայտարարել էր Զարեհ Սինանյանը՝ հավելելով, որ Հայաստան վերադարձած մեր հայրենակիցները բախվում են խնդիրների, որոնք որևէ կերպ չպետք է առաջանային:
Ընդ որում, սփյուռքի հարցերով հանձնակատարի նման հայտարարությունները պետք է դիտել ոչ միայն որպես վերջինիս աշխատանքի ձախողում, այլև Հայաստանի իշխանության ստանձնած առաքելության ձախողում, ինչը չի կարող ֆոնային ազդեցություն չունենալ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների վրա: