ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 75-ամյակի առիթով շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի առաջնորդներին և քաղաքացիներին, ինչպես նաև Վրաստանի ու Ուկրաինայի ժողովուրդներին: Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահը շեշտել է, որ մեր երկրներում սրբորեն հարգում են հերոսների հիշատակը, որոնք ճակատամարտում իրենց խիզախությամբ և թիկունքում անձնվեր աշխատանքով օգնեցին նացիզմի դեմ Հաղթանակին, որը դարձավ մեր ընդհանուր մեծագույն ձեռքբերումը:
«Ներկայիս սերունդների սրբազան պարտքն է հավիտյանս պահպանել նրանց մասին հիշողությունը, ովքեր անթիվ զոհողությունների ու զրկանքների գնով պաշտպանեցին հայրենի հողի ազատությունը, ուշադրությամբ ու հոգատարությամբ շրջապատել մեր թանկագին վետերաններին»,- նշել է Վլադիմիր Պուտինը:
Նա հիշեցրել է Հայրենական մեծ պատերազմի արդյունքները վերաշարադրելու, նացիստների և նրանց հանցակիցների կողմից գործած անմարդկային հանցագործությունները ճերմակեցնելու ու մոռացության մատնելու ցանկացած փորձին վճռականորեն դիմակայելու անհրաժեշտությունը:
Վլադիմիր Պուտինը վստահություն է հայտնել, որ հայրերի և պապերի սխրանքի մասին ընդհանուր հիշողությունը կնպաստի տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության կառուցողական զարգացմանը, ինչպես նաև գործընկերային փոխգործակցությանը ժամանակակից մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու գործում, այդ թվում՝ այնպիսի, ինչպիսին կորոնավիրուսի համավարակն է:
Նա Հայրենական մեծ պատերազմի բոլոր վետերաններին, պարտիզաններին և թիկունքի աշխատավորներին փոխանցել է երախտիքի անկեղծ խոսքեր և քաջ առողջության, բարեկեցության և երկարատև ապրելու մաղթանքներ: