Ադրբեջանը հերթական անգամ սպառնում է պատերազմ սանձազերծել, եթե խաղաղ բանակցություններն իրենց համար ցանկալի հանգուցալուծման չհասցնեն Արցախյան հակամարտությունը, իսկ Հայաստանի ղեկավարը պնդում է, որ Ադրբեջանի նախագահը կառուցողական է և ցանկություն ունի կարգավորելու հակամարտությունը:
Հիշեցնենք, մայիսի 6-ին Ազգային Ժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Ես, օրինակ, Ադրբեջանի նախագահի հետ շփումներից զգում եմ, որ ինքը տրամադրված է և ուզում է հարցի լուծում: Մենք էլ ենք կառուցողական տրամադրված, իրենք էլ»:
Այս հայտարարությունից ուղիղ երկու օր անց Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածում, որում ասվում է, որ Ադրբեջանը շահագրգռված է հնարավորինս արագ կարգավորել հակամարտությունը: Սակայն, Բաքուն թելադրում է կարգավորման իր պատկերացրած սցենարը, որը հիմվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման և «ԼՂ-ից և հարակից շրջաններից հայկական օկկուպացիոն զորքերի դուրսբերման» վրա: Ավելին, ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ «եթե բանակցությունները չպսակվեն Հայաստանի կողմից օկուպացիայի ավարտով, Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում վերականգնել իր ինքնավարությունն ու տարածքային ամբողջականությունը»: Այլ կերպ ասած, պաշտոնական Բաքուն սպառնում է պատերազմ սկսել, եթե բանակցություններով չկարողանա հասնել իր ցանկացած լուծմանը: Ի դեպ, սա Ադրբեջանի ոչ առաջին և ոչ միակ նմանատիպ հայտարարությունն է:
Այս պարագայում ի՞նչ կառուցողականության մասին է խոսում Փաշինյանը:
Բնականաբար, Ադրբեջանի նախագահը ցանկանում է հասնել Արցախյան հակամարտության կարգավորման, սակայն միայն այնպիսի կարգավորման, որը կբավարարի Բաքվի առավելապաշտական նկրտումները: Հետևաբար, այստեղ կառուցողականության մասին խոսք լինել չի կարող: Եվ Հայաստանի վարչապետի կողմից Բաքվի կառուցողականության մասին խոսելն առավել քան մեծ ռեվերանս է Ադրբեջանի հասցեին:
Դրա փոխարեն, այն բանից հետո, երբ Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարություն արեց Հայաստանի դիրքորոշման մասին, ի դեպ՝ Ադրբեջանի համեմատ խիստ կառուցողական և ոչ առավելապաշտական, Բաքուն սկսեց աղաղակել, որ Հայաստանի փակուղի է մտցնում բանակցային գործընթացը և սկսեց մեղադրել գործընթացը տապալելու փորձի համար:
Այժմ շատ ավելի տեղին կլիներ, որ Հայաստանի ԱԳՆ-ն ու վարչապետը միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեին Բաքվի ոչ կառուցողական, ագրեսիվ և ռազմատենչ հռետորաբանության ու քաղաքականության վրա: Հայաստանի կառուցողականությունը կարևոր է միջազգային հանրության ընկալումների վրա ազդելու համար, սակայն այն պետք է զուգարդվի ոչ թե Բաքվին «գովելով», այլ Բաքվի ապակառուցողականությունն ու ագրեսիվությունը շեշտելով և բոլորի համար ակնհայտ դարձնելով: