Վրաստանը Կիևից իր դեսպանին ետ է կանչում՝ կապված երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն Ուկրաինայի նախագահին առընթեր բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար նշանակելու հետ: «Deutsche Welle»-ի փոխանցմամբ՝ այս մասին մայիսի 8-ին հայտնել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին:
«Դա ընդունված պրակտիկա է դիվանագիտական հարաբերություններում, որը վկայում է կոնկրետ խնդրի առկայության մասին, այդ իսկ պատճառով հետագա քայլերը հստակեցնելու համար անհրաժեշտ է դեսպանի հետ անցկացնել խորհրդակցություն»,-հայտարարել է Զալկալիանին: Նա ավելացրել է նաև, որ ամեն դեպքում Թբիլիսին չի պատրաստվում կտրուկ քայլերի գնալ, իրենք դիվանագիտական հարաբերությունների խզում չեն դիտարկում:
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նշանակվել է Բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար: Համապատասան հրամանագիրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է մայիսի 7-ին: Սաակաշվիլին նշել է, որ առաջինը, ինչ պետք է անել տնտեսությանն օգնելու համար, բիզնեսին վարչական միջամտությունից ազատելն է: