Վաշինգտոնը շուտով վերջնական որոշում կկայացնի այն մասին, արդյոք ԱՄՆ-ն կշարունակի միջոցներ տրամադրել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) աշխատանքի համար: Այս մասին ուրբաթ օրը Fox News-ի եթերում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Խոսելով ԱՀԿ-ի մասին, նա նշել է. «Ինչպես գիտեք, մենք նրանց տարեկան մոտ 500 միլիոն դոլար ենք վճարում: Շուտով ես հայտարարություն կանեմ այս կապակցությամբ»:
Նա նաև հանդես է եկել պնդմամբ, որ կազմակերպությունը «Չինաստանի խամաճիկն է դարձել և չի արձանագրել այս երկրի իշխանությունների կողմից ենթադրյալ խախտումները` նոր կորոնավիրուսի տարածման առնչությամբ»:
Թրամփն արձանագրել է, որ ԱՄՆ-ն ավելի վաղ դադարեցրել էր ԱՀԿ-ի ֆինանսավորումը: «Ես շատ շուտով որոշում կկայացնեմ»,- հավելել է նա: