Ազոխի քարանձավը (ավելի հին անվանումը՝ Որվան, Որվանի անձավ) գտնվում է Արցախի Հադրութի շրջանի Ազոխ և Դրախտիկ գյուղերի միջև: Այն հնագիտության և հնէաբանության կարևոր վայրերից մեկն է: Ըստ գիտնականների, այս քարանձավն օգնում է բացահայտել հնագույն մարդկանց նյութական և հոգևոր մշակույթի գաղտնիքները, որոնք տասնյակ հազարավոր տարիներ առաջ ապրել և որսորդությամբ են զբաղվել այս վայրերում: Ըստ նրանց՝ բազմաշերտ քարանձավը, որն զբաղեցնում է 8 հազար քառակուսի մետր տարածք, բնակեցված է եղել դեռ սառցե նեանդերթալյան դարաշրջանից:
Հնագույն ժամանակաշրջանի այս հուշարձանն ունի լաբիրինթոսի հիշեցնող վեց հսկայական «դահլիճ»: Հին հայկական պատմիչները բազմիցս են հիշատակել Ազոխի քարանձավը: Ըստ հայկական պատմական աղբյուրների՝ մոնղոլ-թաթարական արշավանքների ժամանակ Ամարասի տիրակալները հենց այստեղ են թաքցրել Արցախ աշխարհի հարստությունները:
Քարանձավում պեղումներ իրականացնող գիտական խմբի անդամ, կենսաբանական գիտությունների դոկտոր Լևոն Եպիսկոպոսյանի խոսքով՝ քարանձավում առաջին պեղումներն իրականացվել են 1960-ականներին` Խորհրդային Ադրբեջանի կողմից: Սակայն կատարված աշխատանքների բնույթը պարզորոշ ցույց է տալիս, որ ադրբեջանական հնագետներին գիտական աշխատանքը չէ, որ հետաքրքրել է: Իրականում ադրբեջանցի հնագետներին Ազոխ էր բերել նրանում թաքցված հայկական գանձերի մասին պատմող վարկածը: Ադրբեջանցի գանձագող-հնագետները, կիրառելով միանգամայն բարբարոսական մեթոդներ, անխնա պայթեցրել են քարանձավի շերտերը, սակայն նրանց այդպես էլ չի հաջողվել գտնել միջնադարյան ժամանակներից թաքցված հայերի գանձերը:
Ազոխի քարանձավի ուսումնասիրության ծրագիրը վերսկսվել է 2001 թվականին՝ Արցախի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ և շարունակվում է մինչ այսօր։ Ներկայումս Ազոխի քարանձավում աշխատում են գիտնականներ Արցախից, Հայաստանից, Մեծ Բրիտանիայից, Իսպանիայից, Իռլանդիայից, Նիդեռլանդներից և այլն: Առ այսօր իրականցված աշխատանքների արդյունքում կատարվել են տարբեր բնույթի արժեքավոր բացահայտումներ:
Հայտնաբերվել են նեանդերթալյան մարդու ծնոտի մնացորդներ, աշխատանքային և որսորդական գործիքներ, որոնք պատկանում են հին քարի դարի աշելյան փուլին: Ի դեպ, Ազոխի քարանձավի առաջին տիրոջ ծնոտի հայտնաբերումը գիտնականների կարծիքով, գիտական մեծ նշանակություն ունեցող փաստ է։ Մինչև այժմ այդ նախամարդու մնացորդները հայտնաբերվել են միայն երկրագնդի չորս վայրերում՝ Սիդի-Աբդեռահմանում (Մարոկկո), Շտայնհայմում (Գերմանիա), Սվանոկոմբրում (Անգլիա) և Սեդիա-դել-դիաբոլոնում (Իտալիա): Ազոխում հայտնաբերված գտածոն զբաղեցնում է 5-րդ տեղը:
Ուսումնասիրությունների արդյունքում հնէաբանների խումբը եկել է այն եզրահանգման, որ մարդը Հայաստանի տարածքում ապրել է շուրջ երկու միլիոն տարի առաջ: Վկայություն կա, որ տարբեր ժամանակներում քարանձավում բնակվել է հնագույն մարդկանց երեք տեսակ՝ հայդելբերգյան մարդը, նեանդերթալյան մարդը և բանական մարդը:
Քարանձավում հայտնաբերվել են նաև տարբեր տեսակի կենդանիների ոսկորներ: Հատկանշականն այն է, որ հայտնաբերված են հսկա եղջերուների, ռնգեղջյուրների, բիզոնների, բծավոր բորենիների, աղվեսների, գայլերի, ընձառյուծների, մացառախոզերի, կրիաների այնպիսի տեսակների մնացորդներ, որոնց մի մասը ներկայումս բնաջնջված է:
Հետաքրքրական են նաև Ազոխում հայտնաբերված կուժերը, որոնք ապացուցում են, որ այստեղ մարդիկ գինեգործությամբ են զբաղվել դեռևս շատ վաղուց: Դա է վկայում նաև քարանձավի «ազոխ» անվանումը, որը հին հայերենով նշանակում է չհասած՝ խակ խաղող:
Կարելի է ասել, որ Ազոխը ոչ միայն Արցախի, այլ նաև ողջ աշխարհի այն եզակի քարանձավներից է, որը պարունակում է մարդու պատմությունը հնագույն ժամանակներից առայսօր: Հարկ է, սակայն, նշել, որ դեռևս հայտնաբերված չեն քարանձավի բոլոր գաղտնիքները: Բազմաթիվ հազարամյակների պատմություն ունեցող այդ ընդարձակ նախնադարյան բնակավայրը պարբերաբար նոր անակնկալներ է մատուցում հետազոտողներին և նոր տեղեկատվություն հաղորդում անհիշելի ժամանակներից այստեղ բնակություն հաստատած հնագույն մարդկանց մասին…