Օմանի ծոցում Իրանի ռազմանավի հետ կապված միջադեպի հետևանքով զոհվել է 19 մարդ, տուժել՝ 15-ը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Իրանի ռազմածովային ուժերի լրատվական ծառայությանը:
Վերջինիս կողմից տարածված հաղորդագրության մեջ չկա այլ տեղեկատվություն, որը կհաստատեր կամ կհերքեր այն տեղեկությունը, թե սխալմամբ հրթիռով է խոցվել նավը: Ռազմական կառույցները տեղի ունեցածը միջադեպ են համարում՝ առանց մանրամասներ ներկայացնելու:
Ավելի վաղ նշվում էր, որ դեպքը տեղի է ունեցել ծովային զորվարժությունների ժամանակ: IRIB հեռուստաընկերությունը հայտնել էր այն մասին, որ «Konarak» նավը կարող էր խոցված լինել զորավարժությունների ժամանակ սխալմամբ արձակված հրթիռի հետևանքով: