Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 11-ին կորոնավիրուսի դեմ պայքարին ու երկրի տնտեսական իրավիճակին նվիրված իր ելույթում շնորհակալություն է հայտնել դժվար իրավիճակում իշխանություններին աջակցող ուժերին, ինչպես նաև անդրադարձել է այն ուժերին և կազմակերպություններին, որոնցից սպառնալիք է տեսնում Թուրքիայի համար:
Էրդողանի խոսքը մեջբերել է «Անադոլու» գործակալությունը, փոխանցում է Tert.am-ը:
«Թուրքիայի դեմ կատարվող ոչ մի խաղ չի կարող խաթարել մեր օրհնված երթը: Մենք կշարունակենք հիասթափեցնել բոլոր նրանց, ովքեր կարծում են, որ մեր տնտեսությունը կկործանվի: Թուրքիայի թշնամական ուժերը կճնշվեն իրենց բներում` գյուլենականներից մինչև Քրդական բանվորական կուսակցություն, հայկական և հունական լոբբիներից մինչև ծոցի երկրներ»,-հայտարարել է Թուրքիայի նախագահը: