Թուրքիան Հունաստանին, Կիպրոսին, Ֆրանսիային և ԱՄԷ-ին «չարիքի դաշինք» ստեղծելու մեջ է մեղադրել այն բանից հետո, երբ այս երկրները Միջերկրածովյան շրջանում և Լիբիայում Անկարայի քաղաքականությունը դատապարտող համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, հայտնում է News.am-ը:
Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Համի Աքսոյը հայտարարել է, որ այս հինգ երկրները «տարածաշրջանային քաոս և անկայունություն են ստեղծում» Միջերկրական ծովի արևելյան մասում և «լիբիացիների ժողովրդավարության հույսը զոհաբերում են հանուն բռնակալների ոչ խելամիտ ագրեսիայի»։
Ավելի վաղ Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Հունաստանը, Ֆրանսիան և Կիպրոսը ափսոսանք էին հայտնել Լիբիայում բռնության սրման կապակցությամբ՝ նշելով, որ ազգային համաձայնության կառավարության հետ Թուրքիայի պայմանավորվածությունը սպառնում է տարածաշրջանային կայունությանը։
Համատեղ հայտարարության մեջ այս հինգ երկրները դատապարտել են անօրինական թուրքական գործողությունները Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում և նրա տարածքային ջրերում։
Նախարարները նաև դատապարտել են Թուրքիայի կողմից Հունաստանի օդային տարածքի խախտումները, այդ թվում՝ բնակավայրերի և տարածքային ջրերի վրայով թռիչքները՝ որպես միջազգային իրավունքի խախտում։ Բացի այդ, նախարարները դատապարտել են Թուրքիայի կողմից քաղաքացիական անձանց պարբերաբար շահագործումը և նրանց կողմից հունական ցամաքային ու ծովային սահմանները անօրինական հատելուն դրդելը։