Վերջին մի քանի օրերի ընթացքում հանրության ուշադրության կենտրոնում Ազգային ժողովն է, հատկապես՝ Ազգային ժողովում տեղի ունեցող տհաճ միջադեպերը: Մայիսի 8-ին պատգամավորներ Էդմոն Մարուքյանի և Սասուն Միքայելյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքից ընդամենը մի քանի օր անց՝ մայիսի 12-ին, լարված իրավիճակ ստեղծվեց ԱԺ-ում ՄԻՊ-ի 2019-ի զեկույցի քննարկման ժամանակ:
Մարդու իրավունքների պաշտպանին երկակի ստանդարտներ կիրառելու մեջ մեղադրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը, ում ակնհայտ անհարգալից վերաբերմունքը համապատասխան արձագանք ստացավ ՄԻՊ Արման Թաթոյանի կողմից: «Չհամարձակվեք մյուս անգամ Ձեր ձայնը բարձրացնել իմ վրա, մյուս անգամ չփորձեք իշխանական դիրքերից խոսել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ», - իր ելույթում նշեց Թաթոյանը:
Միջադեպի մանրամասները և բանավեճի բովանդակությունը, գուցե, առանձին քննարկման թեմա է, բայց փաստը, որ սիրո ու հանդուրժողականության մասին պոպուլիստական ճառերով իշխանության եկածները սեփական ձեռքերով են վերացնում այդ միֆերը, այլևս իրականություն է: Այսօրվա Ազգային ժողովը, իշխող կուսակցությունը, և առաջին հերթին՝ անձամբ վարչապետը, արդեն նույնիսկ ձևականորեն չեն պահպանում իրենց իսկ կողմից հռչակված սկզբունքները: Մի բան հստակ է՝ սերն ու հանդուրժողականությունը, կամ, ավելի ճիշտ, դրանց մասին ճառերն ու ելույթները, վաղուց արդեն անցյալում են: